Մեծ նվեր Հայաստանին ու Ազգային պատկերասրահին
Ամերիկահայ կոլեկցիոներ Ջուլիան Հովսեփյանը Ազգային պատկերասրահին է նվիրաբերել իր հավաքածուներից մեկը, որը ներառում է մի շարք բարձրարժեք թանգարանային նմուշներ: Նվիրատվության մեջ են մտնում Վերածննդի դարաշրջանի 7 եվրոպացի նկարիչների 8 աշխատանքներ՝ Յակոպո Բասսանո, Սասսոֆերատո, Ժան Մարկ Նատիե, Լուիս դե Մորալես, Ֆրանսուա Բուշե, Ֆրանսուա Լեմուան, Նիկոլա Լարժիլիեր, նաև ուրարտական շրջանի գոտիների հատվածներ, Տիգրան Մեծի բրոնզե մի դրամ և Կիլիկյան 2 արծաթե դրամ:
Ջուլիան Հովսեփյանն առաջին անգամ է Հայաստանում, սակայն մեկ այլ նվիրատվություն կատարել էր դեռ 1972թ-ին՝ գեղանկարիչ Սարգիս Խաչատրյանի մեկ աշխատանք Պատկերասրահին, 2 ձեռագիր մատյան Մատենադարանին, մի քանի դրամներ Պատմության թանգարանին: Առաջիկայում սպասվում է նրա նոր նվիրատվություն, որը գուցե ներառի նաև աշխարհահռչակ հոլանդացու՝ Ռեմբրանդտի մեկ գործ:










