Հայաստանն ու Իրանը ստորագրել են 8 փաստաթուղթ

17:18 • 14.04.09

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իրան կատարած երկօրյա այցի երկրորդ օրվա ընթացքում Հայաստանի պատվիրակությունն այաթոլլահ Խոմեյնիի դամբարանից մեկնել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի նստավայր։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Է. Նալբանդյանը, Ա. Մովսիսյանը, Վ. Սարգսյանը և Կ. Նազարյանը։

Այնուհետև Կառավարության պալատում կայացել է երկու երկրների միջև պաշտոնական փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Ընդհանուր առմամբ ստորագրվել է 8 փաստաթուղթ։ Փաստաթղթերի թվում է Հայաստան–Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագորածակցության հուշագիրը, որը ստորագրեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ու Իրանի ճանապարհների և հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին, ինչպես նաև
Արաքս գետի վրա ՀԷԿ–ի կառուցման ֆինանսավորաման վերաբերյալ համաձայնագիրը, որը կնքվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և Իրանի էներգետիկայի նախարար Փարվիզ Ֆաթայի կողմից։

Հայաստանի և Իրանի միջև Ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։

8 փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո հայտարարվեց Նախագահների համատեղ հռչակագրի մասին։

Արարողությանը հետևած մամուլի ասուլիսի ընթացքում երկու նախագահներին մեկական հարց տրվեց։

«Այստեղ եմ ժամանել երկու ժողովրդների բարեկամությունը հաստատելու նպատակով, և անկեղծ ուրախացա, երբ տեսա Իրանի նախագահ Ահմադինեժադի նույն տրամադրվածությունը։ Առաջին րոպեներից զգացի ջերմ վերաբերմունք և կառուցողական մոտեցում», – ասուլիսի ընթացքում ասել է Սերժ Սարգսյանը։ Նա նշել է, որ ստորագրված փաստաթղթերը հավակնոտ և միևնույն ժամանակ իրատեսական ծրագրեր են, որոնք նպաստելու են երկու երկրների միջև խաղաղության և բարեկամության հաստատմանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է տեսնում երկու երկրների ապագան՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ ինքը տեսնում է ապագան վառ գույներով և շնորհակալություն հայտնել իրանական կողմին ջերմ ընդունելության համար։ Նախագահը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին մեր հայրենակիցների հանդեպ ուշադրության և հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու համար։

Մահմուդ Ահմադինեժադը, իր հերթին, կարևորել է հայ–իրանական հարաբերությունների խորացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները ենթակա են ընդլայնման, քանի որ առկա են համընդհանուր մոտեցումներ, և հարկավոր է առկա հնարավորությունները ծառայեցնել բարեկեցության նպատակների համար։ Իրանի նախագահն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի զարգացումը և կայունությունը ողջ տարածաշրջանի և, մասնավորապես, Իրանի օգտին ենշ; Մահմուդ Ահմադինեժադը նաև հույս է հայտնել, որ հայ–իրանական հարաբերությունները կընդլայնվեն նաև միջազգային ասպարեզում։ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին այցի համար և հայտարարել, որ երկօրյա այցի ընթացքում տեղի ունեցած բանակցությունները մեկ քայլ առաջ են Հայաստանի և Իրանի համագործակցության ճանապարհին։

Նշենք, որ այցի ավարտին՝ ժամը 18։00–ին, նախատեսված է հանդիպում իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ «Արարատ» մարզամշակութային համալիրում, որից հետո Հայաստանի պատվիրկությունը կվերադառնա Հայաստան։