Աֆղանական օփիումային կակաչը վարակվել է սնկային հիվանդությամբ
ՄԱԿ-ի թմրամիջոցների ու հանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավարը հայտարարել է, թե աֆղանական օփիումային կակաչը վարակվել է ինչ-որ լուրջ հիվանդությամբ։ Նշենք, որ ըստ միջազգային կազմակերպության տվյալների՝ Աֆղանստանին է բաժին ընկնում օփիումի համաշխարհային արտադրության շուրջ 92%-ը։
ՄԱԿ-ում նշել են, որ տարվա ընթացքում սնկային հիվանդությամբ վարակվել է Աֆղանստանում կակաչների դաշտերի գրեթե կեսը, ինչի պատճառով նախորդ տարվա համեմատ քառորդ մասով կարող է կրճատվել բերքը։ Օփիումի գինը տարածաշրջանում արդեն իսկ բարձրացել է 50%-ով։
Միջազգային կազմակերպության ներկայացուցիչը հույս ունի, որ այս ամենի արդյունքում կարող են նվազել աֆղան գրոհայինների, մասնավորապես՝ տալիբների եկամուտները, որոնք թմրանյութերի մեծ պաշարներ ունեն։
Սնկային անհայտ հիվանդությամբ «տառապում» են, մասնավորապես, Գիլմենդ և Կանդահար նահանգների ցանքսերը, որոնք ոչ միայն գրոհայինների հիմնական կենտրոններն են, այլև օփիումի հիմնական մատակարարները։
Այս ամենը տեղաբնիկ գյուղացիներին ստիպում է մտածել, թե վարակը հատուկ տարածում են ՆԱՏՕ-ի զինվորականները։
«Մտահոգությունը» բարձրաձայնում են անգամ ՄԱԿ-ում, թեև պնդում են. «Ոչ մի պատճառ չկա նման լուրերին հավատալու համար։ Օփիումային ցանքսերն Աֆղանստանում հաճախակի են վարակվում»:
Վերջին նման համաճարակը գրանցվել էր չորս տարի առաջ։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։










