Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցման շրջանակներում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով
Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցման հետ կապված բնապահպանական, քաղաքաշինական, էներգետիկ, երկրաբանական և այլ խնդիրների շրջանակներում տեղանքը ուսումնասիրելու և առավել արդյունավետ ծրագիծ ընտրելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։
Հանձնաժողովում ընդգրկվել են տարբեր շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման, քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Տրանսնախագիծ» ինստիտուտի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչներ:
Մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը հանձնաժովողը պետք է ավարտի ուսումնասիրման աշխատանքները և արդյունքների մասին համապատասխան եզրակացություն ներկայացնի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին:
Հանձնաժողովի աշխատանքներին, ըստ անհրաժեշտության, մասնակից կդառնան նաև համապատասխան համայնքների ղեկավարները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։










