Հայաստանում կա 15 մասոն. մասոնական օթյակի առաջնորդ
Երևան ժամանած Grand Orient de France մասոնական օթյակի առաջնորդ Գի Արսիզեն այցելել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: «Նախարարությունում ես հանդիպել եմ նախարարի տեղակալի հետ, որի անունը չեմ հիշում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արսիզեն: Ըստ նրա՝ իր և իր գաղափարակիցների երևանյան այցելության մասին իրենք հայտնել են Հայաստանի նախագահին, այնպես որ իրենց դիրքորոշումն ի սկզբանե բաց է եղել:
Խոսելով Հայաստանի մասին՝ նա նշեց, որ, իր տպավորությամբ, այստեղ մասոնական շարժումը վտանգավոր աղանդ են համարում: «Ֆրանսիայում մասոնությունը միավորում է 150 հազար մարդու, Հայաստանում դրանք 15 հոգի են: Նրանք չեն ուզում հրապարակավ խոսել իրենց գործունեության մասին, քանի որ նախ ուզում են կառուցել օթյակ և, ինչու ոչ, հրավիրել հյուրեր արտերկրից»,- նշեց Արսիզեն:
Grand Orient de France մասոնական օթյակի առաջնորդի խոսքով՝ Հայաստանի մսոնները իր ղեկավարած օթյակի անդամներ են: «Նրանք մեր եղբայրներն են, և մենք աջակցում ենք նրանց: Նրանք կդառնան լիարժեք օթյակ, բայց դրա համար, իհարկե, մեծ ժամանակ կպահանջվի»,- ասաց Արսիզեն:
Նրա ղեկավարած օթյակը ներգրավված է մի շարք սոցիալական հարցերի լուծման գործում: «Նրանց թվում են, մասնավորապես, կանանց իրավունքները և հղիության արհեստական ընդհատումը: Քաղաքական հարցեր մենք չենք քննարկում, սակայն երբ քաղաքական գործիչները հետաքրքրված են մեզ հետ հանդիպելու հարցում, մենք դեմ չենք լինում», - հավելեց նա:










