Վանուշ Խանամիրյանի հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում
Հայ պարարվեստի լեգենդ, վաստակաշատ արտիստ Վանուշ Խանամիրյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր, ժամը 12:00-14:00-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին տեղեկացնում է կառավարական հանձնաժողովը։
Կյանքի 84-րդ տարում վախճանվեց ազգային պարարվեստի երախտավոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր, մեր ժամանակների պարարվեստի լեգենդ Վանուշ Խանամիրյանը։
Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին, Երևանում:
1935-1941 թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում:
Դեռևս ուսումնառության տարիներից` 1939 թվականից է սկսվել նրա բեմական առաջին քայլերը, որոնք պսակվեցին հաջողությամբ և կանխորոշեցին հետագա ամբողջ ստեղծագործական ուղին («Անուշ», «Երջանկություն», «Ալմաստ» բեմադրություններում): Տասնյակներով կարելի է թվարկել այն բեմադրությունների ցանկը, որոնցում հանդես է եկել կամ որոնք բեմադրել է անվանի բալետմայստերն ու պարուսույցը («Գայանե» /Նեսո/, «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ» /Սպարտակ/, «Լոռեցի Սաքոն» /Սաքո/, «Ռայմոնդա» /Աբդուրախման/, «Խանդութ» /Սասուցի Դավիթ/ (ի դեպ՝ հենց այս կերպավորմամբ էլ Վ. Խանամիրյանը դարձավ Ե. Քոչարի կերտած լավագույն քանդակներից մեկի՝ Սասուցի Դավիթի նախատիպը, որ այսօր էլ զարդարում է մեր քաղաքը՝ առաջացնելով այցելուների հիացմունքը), «Կարապի լիճը» /Իշխան/ և այլն/: Իսկ առաջին գլխավոր դերը Վ. Խանամիրյանը կատարել է 1941 թ. «Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ:
1941-1969 թթ. նա եղել է օպերային թատրոնի գրեթե բոլոր բեմադրությունների պարային հատվածների կամ գլխավոր կատարողը կամ էլ բեմադրիչը:
Վ. Խանամիրյանը շուրջ քառորդ դար՝ 25 տարի /1968-1992թթ./, հանդիսացել է Հայաստանի պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր բալետմայստերը՝ ստեղծելով տասնյակ նոր պարային բեմադրություններ. «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Ա. Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք` «Սասուն» և այլն:
Արվեստի նվիրյալի կյանքում կարևոր տեղ է գրավել նաև մանկավարժական գործունեությունը: Նրա սաներից շատերը Հայաստանից դուրս հաջողությամբ ստեղծել են Վարպետի անունը կրող պարախմբեր՝ մեծ ներդրում ունենալով հայապահպանության դժվարին գործում:
2000 թվականից մինչև իր կյանքի վախճանը հիմնադրել և անփոփոխ ղեկավարել է Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, որը 2009 թվականից կրում է իր անունը: 2004 թվականին ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, իսկ բոլորովին վերջերս՝ 2010 թվականին, «Բարդիներ» պարախումբը:










