Ազգը ոչ թե կրոնն է այլ լեզուն, կրոնը անցողիկ է լեզուն մնայուն

00:00 • 17.02.12
Ազգը ոչ թե կրոնն է այլ լեզուն, կրոնը անցողիկ է լեզուն մնայուն

Աբխազիայի հայ համայքնը   դիմել էր Էջմիածին խնդրելով, որ եկեղեցի հիմնի, 1999թ. նոյեմբերի 15-ին այժմ հանգուցյալ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը պատասխանել էր, որ եկեղեցու խնդրով համայնքը պետք է դիմի Վրաստանի հայոց թեմին(Աբխազիայում ապրում է մոտ 55 հազար հայ)։  «Վրաստան դիմելը մեզ համար նույնն է, ինչ Ղարաբաղին ինչ-որ խնդրի համար ասեն՝ դիմեք Բաքու,- ինձ ասեց Աբխազիայի համայնքի ակտիվիստ Խաչիկ Մինասյանը,- Եթե հայկական համայնքը դիմի Վրաստան, կնշանակի, որ ընդունում է Վրաստանի գերիշխանությու նը, ինչը համայնքի և Աբխազիայի իշխանությունների համար անընդունելի է»։

Սա պատասխանն է այն պնդումների, թե հայ առաքելական եկեղեցին հայապահպանության դեր է խաղացել:

Րաֆֆին դեռ 1880 թվին գրել է. «Ո՞վ է ասում լուսավորչականին գնա՛ կաթոլիկ դարձիր, գնա՛ բողոքական դարձիր, գնա՛ մահմեդական դարձիր: Ո՞վ է քանդում լուսավորչական եկեղեցին: Նա ինքն իրան մաշվում է, ժամանակն է մաշում նրան: Ոչ մի հին շենք չէ կարող դիմանալ ժամանակների խստություններին, մանավանդ երբ պահպանողներ և վերանորոգողներ չունի: Մեր եկեղեցին քանդվում է եկեղեցականների անհոգությունից: Դերսիմի բազմաթիվ հայերը անհովիվ մնալով հետզհետե քուրդ դարձան: Ո՞վ էր մեղավոր, իսկ Դերսիմը ոչ Հնդկաստանումն է գտնվում և ոչ էլ Աղվանիստանում: Դերսիմը շատ հեռու չէ Աղթամարա և Սսի կաթողկիոսություններից, Երսուսաղեմի և Կ. Պոլսի պատրիարքարաններից: Այժմ Դերսիմի մեջ բողոքականները մտնելով, սկսել են քրդացած հայերին Մեսրոպի տառերով Ավետարան կարդացնել, սկսել են մոռացված մայրենի լեզուն սովորացնել նրանց: Ի՞նչ ասենք այդ քարոզիչներին. Ասե՞նք, թե դուք գնացեք հեթանոսներին քարոզեցեք, դուք հայերի հետ գործ չունեք:

Եթե ընդունենք(որպես ոմանք պնդում են), թե Ավետարանը պետք է քարոզել հեթանոսներին միայն և ոչ թե այն ժողովուրդներին, որոնք վաղուց արդեն ընդունել են քրիստոնեությունը, այդ դեպքում այլևս Լյութերի ռեֆորմացիան հարկավոր չէր լինի, որ հայտնվեցավ կաթոլիկ ժողովրդի մեջ, որի եկեղեցին հիմնված էր առաքյալների օրերից: Բայց պետք է վերջին աստիճանի տգետ լինել և չհասկանալ, թե Լյութերի ռեֆորմացիան որքան առաջ տարավ Եվրոպայի քաղաքակրթությունը, թեև բազմաթիվ զոհերի արյունով գնվեցավ(«Հայերը Քաբուլի մեջ»):

Րաֆֆու բերած օրինակին հետևելով, եթե Ավետարանական եկեղեցիներին ավելի հետաքրքրում է իրենց հավատը հայերեն տարածելը, քան Վրաստանի հետ հարաբերությունները, ապա Աբխազիան իրենց սպասում է: Իսկ եթե Անթիլիասի կաթողիկոսության վերամբարձ հայրենասիրությունը անկեղծ է, ապա նա էլ Վրաստանին ուշադրություն չդարձնելով  կարող է մուտք գործել Աբխազիա: Բայց նրանց եկեղեցի էնքան էլ պետք չի, առանց եկեղեցու էլ 80 տարի է հայ են մնում, նրանց պետք է, որ Հայաստանը Աբխազիայի հայկական դպրոցները բարեկարգի, աբխազահայ երիտասարդների համար Հայաստանի ԲՈՒՀ-երում տեղեր բացի, էն էլ չի անում ու նրանք մեկնում են Ռուսաստան ուսում ստանալու:

Սովորաբար ներկայում պատասխանում են անցյալի անպատասխան հարցերին, ինչպես օրինակ 20- 21-րդ դարերում պատասխանում են 18-19-րդ դարերում բարձրացված գիտական և հասարակական հարցերին: Հայաստանի պարագայում հակառակն է, անցյալում են պատասխանում ներկային, 19-րդ դարից են պատասխանում 21-րդ դարի հարցերին:

Այսպես, հրապարկել էի Րաֆֆու «Մինչև երբ» գրությունը, որ հաստատում է թե ազգը կրոնով չի որոշվում: Ի հարկե, սա կատաղեցրեց որոշ առաքելակնների, ովքեր հայհոյանքներ թափեցին ինձ վրա, կարծես ես էի հարյուր երեսուն տարի առաջ գրել «Մինչև երբ»-ը(հայհոյանքները չեմ հրապարակել): Նաև եղան ավելի բարեկիրթ մեկնաբանություններ  և հարցեր, ինչպես օրինակ.

«Հայը ունի մեկ վկայական, որը դիմացել է 2000տարվա փորձության, դա մեր Առաքելական Եկեղեցու վկայականն է:Այժմ պատասխանեք, իսկ վերջին 200 տարվա ընթացքում ո՞ւր են և ի՞նչ եղան կրոնափոխ, դավանափոխ հայերը»:

«Այն հայերին, ովքեր չեն խոսում ու չեն կարդում հայերեն զզվելի է անվանում: Ինչու հաշվի չի առնում, որ լեզու չկիրառելը մեծամասամբ հանգամանքների, և ոչ թէ ընտրության հարց է»

Ուրեմն իմ փոխարեն հարցերին կպատասխանի Րաֆֆին 1879թ. «Մշակում» հրապարակած գրությամբ, բայց, բնականաբար, հայհոյանքները կուղղվեն ինձ.

ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ՄԽԻԹԱՐՎՈՒՄ

(կրճատումներով)

Վերջին ժամանակներում  մեր պարբերական հրատարակությունների մեջ կրկին սկսեցին հունցել միանգամայն մոռացված երկպառակության խմորը, կրկին բարձրացրին կրոնի և ազգության խնդիրը:

Տաճկաստանի հայոց մամուլը երկար տարիներ զբաղվեցավ հիշյալ հարցով և, բացի թշնամություն սերմանելուց, բացի ազգային ամբողջության պատռվածքի ճեղքերը ավելի լայնացնելուց, ոչ մի օգտավետ հետևանքի չհասավ: Եվ այսօր, երբ ավելի կարևոր խնդիրների մասին խորհելիք ունենք, երբ Տաճկաստանի վերածնելիության հարցը գրավում է մեր ամենի ուշադրությունը, մեր մեջ գտնվում են մարդիկ, որ սկսում են կրկին քջջել մարած մոխիրը, սկսում են կրկին բորբոքել դադարած վիճաբանությունների կրակը, հայտնելով այն հնացած և լուսավոր ազգերի համար իր նշանակությունը կորցրած միտքը, թե կրոնը այսինքն`եկեղեցին, պետք է ճանաչել ազգության հիմք, և ով որ դուրս է գալիս այդ եկեղեցուց, նա կտրվում է ամբողջության հետ անդամակցությունից և այլն: Արդարև, մի հին և բոլորովին մաշված գաղափար, որ դարերի ընթացքում, Վատիկանի դարբնոցի մեջ, պապերի հզոր կռանի տակ ծեծվեցավ, կոփվեցավ և դարձյալ չկարողացավ եկեղեցու մեջ ի մի ձուլել ազգությունները:

Իսկ այժմ մի քանի ողորմելի գրիչներ աշխատում են նույնը իրագործել, ինչ որ Հռոմի ահեղ բազուկը չկարողացավ կատարել:

Մենք պատմություն ունենք,-ասում են մեզ,-մեր պատմությունը սովորեցնում է, որ լուսավորչական եկեղեցին պետք է լինի հայի պատսպարանը և ազգության հիմքը, այդ եկեղեցուց դուրս հայը չէ կարող հայ համարվել և կորած է: Եվ այդ հիման վրա`կաթոլիկ և բողոքական հայերը հայ չեն, նրանք ո՜վ գիտե, թե ինչ են...

Եվ այդ տիրացուական քարոզները մեզ կարդում են այն պարոնները, որոնք Չաքճյանի և Բերբերյանի դասագրքերից մի քանի գլուխներ սերտելով(1851թ. հրատարակված Հայոց պատմությաան հեղինակներ), երևակայում են, թե պատմություն գիտեն:  Մենք այսպիսներին խորհուդ կտայինք մի փոքր ուսումնասիրել Բոքլը(ծն. անգլիացի պատմաբան), եթե կամենում էին հասկանալ, թե ինչ կապ կա ազգերի պատմության մեջ:

Պատմությունն ազգերի առջև մի որոշ շավիղ է գծել, դա ընդհանուր մարդկության ուղին է, ինչ ազգ, որ ոտքը դուրս է դնում այն շավղից, մոլորվում է, կորչում է և ոչնչանում է...

Կրոնը որպես մարդկային զգացմունքի արտահայտություն, ժամանակների հետ միշտ փոփոխվել է և անվերջ կերպով կփոփոխվի: Մեր նախնիքը մի ժամանակ կռապաշտ էին, այժմ մենք քրիստոնյա ենք, իսկ դարեր հետո, ով գիտե, մեր ապագա սերունդը ինչ կրոն կստեղծե իր համար, գուցե ամենևին կրոն էլ չի ունենա: Ուրեմն, մի բան, տևողական չէ, որ միշտ հեղուկ վիճակի մեջ է գտնվում, որ զգացմունքից միայն կախում ունի, նա չի կարող ազգության հաստատ հիմք լինել. Գուցե մասնավորապես կնպաստե նրա գոյությանը, բայց պահպանել չէ կարող:

Պետք է փայտից շինած գլուխ ունենալ և այդ ամենապարզ ճշմարտությունները չհասկանալ: Բայց ի՞նչ օգուտ, հազար ու մեկ փաստեր բեր, միևնույն է, դարձյալ քեզ կպատասխանեն, թե հայոց ազգը պահպանվեցավ իր կրոնով, իր եկեղեցիներով: Եվ այդ խոսքերը կրկնվում են մի հոյակապ ազգի վերաբերությամբ, որի ողորմելի փշրանքներն են մնացել այսօր: Դուք գիտե՞ք պարոններ, թե որքա՞ն էր առաջ հայերի թիվը, և այժմ որքան է մնացել: Ինչո՞ւ կորան նրանք, ինչո՞ւ կրոնը չկարողացավ պահպանել: Եթե հայերն ունեցել են փառավոր անցյալ, դա եղել է նրա հեթանոսական դարերում, և քրիստոնեությունն ընդունելուց հետո այդ ազգը սկսեց տկարանալ և քայքայվել:

Շատ հեշտ է վեր առնել պատմությունից մի քանի երևույթներ, և առանց նրանց իսկական պատճառները քննելու , սխալ եզրակացություններ դուրս բերել: Շատ հեշտ է մատի փաթաթան շինել Լեհաստանի հայ գաղթականությունը, ասելով, թե իրենց կրոնը փոխելու պատճառով կորան, ոչնչացան: Բայց պետք է բոլորովին կույր լինել և չնկատել մեր պատմության մեջ այն ընդհանուր երևույթը, որ դեպի արևմուտք դիմող բոլոր հայ գաղթականները մեծ մասամբ ոչնչացան` առանց իրանց կրոնը փոխելու անգամ: Եվ դրա պատճառը ոչ թե մի օտար ազգի եկեղեցուն հարելն էր, այլ այն ընդհանուր բնական օրենքը, որ հայ գաղթականները, արևմուտքում հանդիպելով իրենցից ավելի բարձր կուլտուրական ազգերի, չկարողացան նրանց հետ մրցություն անել և կյանքի կռվի մեջ հաղթվեցան և կլանվեցին իրանցից ավելի զորեղ ազգերից: Որի ընդհակառակն, դեպի հյուսիս և դեպի արևելք դիմող հայ գաղթականությունները պահպանվեցան, ոչ թե այն պատճառով, որ չփոխեցին իրենց կրոնը, այլ այն պատճառով, որ ապրում էին կուլտուրայով իրանցից ավելի ստոր ազգերի հետ և գոյության կռվի մեջ կարողանում էին նրանց հետ մրցություն անել: Ուրեմն, եթե հայերից մնացել են մի քանի փշրանքներ, դրա համար պետք է շնորհակալ լինել ոչ թե լուսավորչական եկեղեցուն այլ թուրքերին, թաթարներին, պարսիկներին և հնդիկներին: Եթե հայը լիներ ֆրանսիացու, գերմանացու և անգլիացու հպատակ, արդեն վաղուց կորած կլիներ և լուսավորչական եկեղեցին հազիվ թե կարող լիներ փրկել նրան:

Մենք միշտ ասել ենք, և դարձյալ կրկնենք, որ ազգության գաղափարը պայմանավորվում է ոչ թե կրոնով, այլ նրա ցեղական հատկություններով, որոնց մեջ առաջին տեղը բռնում է լեզուն, որ է և միշտ կլինի ազգի պահպանության հիմքը: Դա է որ մշտական է, դա էլ անբաժանելի է մարդկությունից: Լեզուն թեև փոփոխվում է, բայց իր փոփոխության մեջ ավելի կյանք է ստանում, զարգանում է և կատարելագործվում է: Մի մարդ կարող է ոչ մի եկեղեցու չպատկանել և մինչև անգամ անկրոն լինել, բայց չէ կարող որևիցե լեզվով չխոսել: Խոսքը միշտ կմնա, որքան ապրում է մարդկությունը, նա հավիտենական է:

Հայը, թե կաթոլիկ լիներ նա, թե բողոքական, թե լուսավորչական և թե անկրոն, դարձյալ հայ է. Որովհետև միևնույն ցեղական հատկություններն ունի, միևնույն լեզվով է խոսում, միևնույն տոհմին է պատկանում:

Բավական է, որքան հայերն իրանց  ճանաչել տվին որպես կրոնական համայնք, այսուհետև թող աշխատեն ճանաչվեն որպես ազգ:

Րաֆֆի, երկերի ժողովածու, հատոր 11, «Նաիրի», Երևան 1991

ՀԳ. «Ինչո՞ւ հաշվի չի առնում, որ լեզու չկիրառելը մեծամասամբ հանգամանքների, և ոչ թէ ընտրության հարց է» հարցը տվող հարգելի Vօv-ին, եթե չբավարարեց պատասխանը, ապա նշեմ, որ Րաֆֆին նկատի չունի հանգամանքի բերումով լեզուն կորցրածներին, ինչպես տեսնում ենք Դերսիմի քրդախոս դարձած հայերի մասին հարգանքով է խոսում: Նրա խոսքը ուղղված է իրենց ընտրությամբ օտարախոս դարձած ազգայնական մտավորականներին(ինչպես այսօրվա «չտո, գդե կագդայի» մասնակիցն են): Մի օրինակ Րաֆֆու խոսքից.

«Ազգասերը լուռ է, նրա բազմահոգ դեմքը ցույց է տալիս, որ զբաղված է

Ահա ներս վազեցին սենյակի մեջ երկու հրեշտակի նման փոքրիկ երեխաներ: «Պապաշա, պապաշա» կոչելով...

-ինչո՞ւ հայերեն չես խոսում,-հարցնում ես ազգասերից:

-Մայրերի ու աղախինների հետ այսպես են սովորած...ես էլ ժամանակ չունեմ դրանցով զբաղվելու»(«Ինքնախաբեություն»):