Յուրաքանչյուր երկրորդ չափահաս հայաստանցին կուսակցակա՞ն
Պարզվում է` Հայաստանում շուրջ 1 մլն մարդ, կուսակցական է: Այսպիսի եզրահանգման եկավ Tert.am-ը` պարզելով Հայաստանում գործող ամենախոշոր կուսակցությունների անդամների թիվը: Զրուցելով կուսակցությունների ներկայցուցիչների հետ` փորձեցինք պարզել կուսակցականների թիվն` ըստ վերջին տվյալների: Ամենաբազմանդամը ներկայացավ ԲՀԿ-ն, չնայած վերջինիս անդամների «ամենաթարմ» թիվը վերագրվում է 2007 թվականին` 370 հազար: ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում հրաժարվեց հայտնել կուսակցության անդամների ներկայիս թիվը: Նախ նա ասաց, որ այժմ հաշվառում է անցկացվում, ինչի պատճառով հնարավոր չէ տվյալներ հայտնել կուսակցությանն անդամակցողների թվի մասին, սակայն չհայտնեց նաև 6 ամիս առաջվա տվյալները:
Հիշեցնենք նաև, որ անցած ամիս ԲՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար, փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանի՝ կուսակցության շարքերը լքելու միջադեպի հետ կապված կուսակցության ներկայացուցիչների շուրթերից հնչեց նաև 400 հազար թիվը, իսկ ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը ասել էր, որ մոտ մեկ միլիոնի մեջ մի քանի հարյուր մարդը եղանակը չի փոխում՝ մեկ միլիոնի տակ նկատի ունենալով «ԲՀԿ-ին ընդունող մեկ միլիոնի ձգտող զանգվածը»։
Հաջորդը իրենց կուսակիցների բազմանդամությամբ աչքի են ընկնում ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, ընդ որում երկուսն էլ իրենց կազմերը ներկայացնում են միևնույն՝ 150 հազար թվով: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր կուսակցության անդամների թվի մասին հայտնել էր ՕԵԿ համագումարի ժամանակ, իսկ ՀՀԿ-ի անդամների թվի մասին Tert.am-ին մի քանի օր առաջ տված հարցազրույցում տեղեկացրել էր ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Մյուս խոշոր կուսակցություններն են Կոմունիստական, «Հանրապետություն» և «Ազգային միաբանություն» կուսակցությունները: «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը մեզ հայտնեց 3-4 ամիս առաջ կատարած հաշվառման տվյալները, որոնց համաձայն կուսակցության անդամները 28 683-ն են:
Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը Tert.am-ին հայտնեց, որ տարեսկզբի տվյալներով կուսակցության անդամների թիվը 20 հազար է:
ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ նույնքան անդամ ունի նաև իրենց կուսակցությունը:
«ԺԱԿ» կուսակցության ղեկավար Սպարտակ Մելիքյանի հավաստմամբ կուսակցությանը անդամակցողները 15 հազար են, իսկ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանի խոսքով փետրվարի վերջի տվյալներով կուսակցության անդամների թիվը կազմել է 6800:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Tert.am-ին տված հարցազրույցում նշեց, որ մեկ ամիս առաջ է կատարվել անդամների թվի հաշվառումը և պարզ է դարձել, որ նրանք 5000-ն են. «Բայց դեռ դիմումները շարունակվում են»,- ասաց նա:
Միավորված աշխատանքային կուսակցությունը, ինչպես տեղեկացանք Գուրգեն Արսենյանից, ունի 4750 անդամ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մի քանի ամիս առաջվա տվյալներով կուսակցության անդամների թիվը կազմել է 4568: «Բայց ամեն օր նոր դիմումներ ենք ստանում, օրինակ` այսօր Մարալիկից 42 մարդ դիմել է անդամագրվելու համար», - հայտնեց մամուլի խոսնակը:
ԱԺՄ-ում կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանի խոսքով ֆորմալ անդամների թիվ 2000 է, բայց կան ևս 500 համակիրներ:
Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանն էլ Tert.am-ին հայտնեց, որ անդամները 2868-ն են, իսկ ՍԴՀԿ-ում ըստ Գուրգեն Եղիազարյանի 4300-ն են:
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը կոնկրետ չնշեց, թե որքան է կազմում կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների անդամների թիվը: Նրա խոսքով ՀԱԿ-ի մեջ են մտնում «մի քանի տասնյակ հազար համակիրներներ» և ՀԱԿ-ի մեջ մտնող կուսակցությունների անդամները:
Մեր կողմից հարցված այս 14 կուսակցությունների թվերը գումարելով` ստանում ենք 783 969: Եթե հաշվի առնենք նաև այն, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված է ևս 56 կուսակցություն, որոնք պարտադիր պետք է ունենան առնվազն 2000 անդամ, որոնց թիվն էլ միասին վերցրած կազմում է առնվազն 112 հազար, ապա ընդհանուր գումարը կկազմի առնվազն 900 հազար:
Ի դեպ, Հայաստանում 2011թ. հոկտեմբերին անցկացված մարդահամարի՝ վերջերս հրապարակված նախնական պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ բնակչությունը կազմում է 2 մլն 871 հազար մարդ։ Իսկ ըստ վիճակագրության՝ Հայաստանում բնակչության շուրջ ¼-ը կազմում են անչափահասները։ Ստացվում է, որ Հայաստանում գրեթե ամեն երկրորդ չափահաս քաղաքացին, կամ միջին վիճակագրական 4 հոգանոց ընտանիքի անդամներից 2-ը, կուսակցական է։










