Բաքվում մինչ այս պահը ձեռնպահ են մնում իրենց մշտական աշխատաոճից. Նաիրա Զոհրաբյան

15:15 • 02.04.12

Բաքվում անցկացվող Արևելյան գործընկերության՝ Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներն այսօր մեկնարկել են երկու՝ Տնտեսական և Էներգետիկ հանձնաժողովների նիստերով, իսկ ԽՎ-ի լիագումար նիստը տեղի կունենա վաղը:

Այս մասին Tert.am –ին հայտնեց հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ քիչ հետո կսկսվեն Քաղաքական հանձնաժողովի աշխատանքները, որի ժամանակ ելույթ կունենա նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Դրանից հետո նրանք պատասխանելու են ներկաների հարցերին։ Պիտի ասեմ, որ կարծես թե երկու հանձնաժողովներից տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմն այս անգամ որոշել է ձեռնպահ մնալ իր մշտական աշխատաոճից՝ «20 տոկոս գրավյալ տարածքներ», Ղարաբաղի հիմնախնդիր, փախստականներ, և առ այս պահը ընդհանրապես իրենց դեմագոգիկ ու մշտական «լոլոները» չեն հնչել»,– ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ, եթե փորձ արվի կրկին խեղաթյուրել փաստերն ու իրողությունները, անպայմանորեն հայկական պատվիրակությունը կարձագանքի: «Բայց առ այս պահը, կրկնում եմ՝ այս խնդիրը նրանք շատ նրբորեն շրջանցել են և խոսել են օրակարգում եղած բուն նյութի մասին. էներգետիկ խնդիրներ և այլն»,– ասաց նա:

Նշենք, որ ըստ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության, պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Բաքվում հայտարարել է, որ ԼՂ հարցում ստատուս-քվոն չի կարող հավերժ պահպանվել:

Նաիրա Զոհրաբյանն ի պատասխան նշեց, որ Վահան Հովհաննիսյանը երևի թե ինքը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին, բայց հանձնաժողովում քաղաքական հարցեր չեն քննարկվել:

Հիշեցնենք, որ Հայաստանում Եվրանեսթի սոցիալական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Երևան եկած ադրբեջանցի պատգամավորները այլոց թվում հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նման ձևաչափ նախատեսված է նաև Բաքվում. «Պատվիրակությունների բյուրոյի ներկայացուցիչները այս պահին հանդիպում են Ադրբեջանի նախագահի հետ: Մեր պատվիրակությունից Բյուրոյի անդամ է Վահան Հովհաննիսյանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Ինչ վերաբերում է բոլորին հուզող անվտանագության խնդիրներին, ապա հայաստանյան պատվիրակության անվտանգությունն ապահովելու համար Բաքվում աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկված։ Արդեն Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանից մերոնց սպասել են ադրբեջանական կողմից ներկայացուցիչներ և նրանց հետ նստել Մոսկվա-Բաքու օդանավը:

Հայկական պատվիրակությունը տեղակայված է Բաքվի հյուրանոցներից մեկի մի հարկում, որը կեսգիշերից մինչև լուսադեմ հսկվում է ադրբեջանական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Անվտանգության ապահովման նման միջոցառումները Նաիրա Զոհրաբյանը տրամաբանական է համարում՝ հետևելով, թե պետական քարոզչությամբ, նրանց ազգային հեռուստաընկերությամբ հետևողականորեն ինչպիսի հայատյացության քարոզ է իրականացվում։

Ինչպիսի՞ն է Բաքուն հայ պատգամավորների աչքերով, և ինչպիսի վերաբերմունք է ցույց տրվում մերոնց անվտանգության միջոցառումներից դուրս:

Այս հարցին Նաիրա Զոհրաբյանը չի կարող պատասխանել, քանի որ ադրբեջանցիների հետ չեն շփվում, այլ սահմնափակվում են եվրոպացի պատգամավորների ընկերակցությամբ:

«Իսկ քաղաքը մենք, բնականաբար, չենք տեսել, որովհետև հյուրանոցից եկել ենք իրենց Միլի մեջլիսի շենք: Եվ չեմ էլ կարծում, որ ժամանակ կլինի քաղաքը տեսնելու: Անձամբ նման ցանկություն առանձնապես չունեմ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ «Երկիրն այսօրի» հետ հեռախոսազրույցում էլ Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հանձմաժողովի նիստին հայտատարել է, որ Եվրանեսթը չպետք է դառնա հակամարտությունների լուծման հարթակ, պետք է բացառվեն նաեւ ագրեսիվ հայտարարությունները։

Վահան Հովհաննիսյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերին, ներկայացրել խաղաղ լուծման հասնելու համար այն քայլերը, որ պետք է անեն ադրբեջանական իշխանությունները։

«Լրագրողների հետ զրույցում ես նշեցի, որ այդ հարցում կարող ենք հասնել հաջողության եւ խաղաղ լուծման միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից հստակ հնչի, թե իրենք ի՞նչ զիջման են պատրաստ։ Մինչեւ հիմա նրանք միայն խոսում են այնպիսի վերադարձի մասին, այնպիսի կարգավիճակի մասին, որը եղել է դեռ մինչեւ 1988 թվականը։ Սա անընդունելի է եւ խաղաղության չի բերի»,-ասել է հայաստանյան պատվիրակության ղեկավարը։