Կրասնոդարում բնապահպան Սուրեն Ղազարյանը գրանցվել է որպես պատգամավորի թեկնածու

22:20 • 07.09.12

Բնապահպան, քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Ղազարյանը  գրանցվել է որպես  Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային Օրենսդիր ժողովի պատգամավորի թեկնածու «Յաբլոկո» կուսակցությունից, հաղորդում է Газета.ru-ն` վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը: «Կրասնոդարի երկրամասի ընտրական հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ժողովրդավարական ընդդիմության ցուցակը գրանցված է: Ցուցակում «Յաբլոկո» կուսակցությունից ընդգրկված են հայտնի հասարակական ակտիվիստներ Անդրեյ Ռուդոմախան, Սուրեն Ղազարյանը, Եվգենի Վիտիշկոն, Ալեքսանդր Բիրյուկովը, Յանա Անտոնովան, Ալեքսանդր Բատուրինեցը, Վադիմ Նովոպաշինը», - նշված է հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ Սուրեն Ղազարյանը և մի խումբ բնապահպան ակտիվիստներ ամիսներ առաջ հասարակական ստուգումներ էին անցկացրել Սև ծովի ափի այն հատվածում, որտեղ տեղակայված է, այսպես կոչված, Պուտինի պալատը:Սակայն նրանց աշխատանքներին խոչընդոտել էին նախագահ Վլադիմիր Պուտինի թիկնապահները: Այս տարվա հունիսին դատարանը Ղազարյանին և ևս մեկ ակտիվիստի` Եվգենի Վիտիշկոյին դատապարտել էր 3 տարվա պայմանական ազատազրկման Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևի առանձնատան պարսպին արված գրության համար: