Հարթաշենի գյուղապետի նկատմամբ համաներում է տարածվել օրենքի սխալ մեկնաբանությամբ. Կարեն Մեժլումյան

15:58 • 15.02.13

Անչափահաս աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի նկատմամբ օրենքի սխալ մեկնաբանության պատճառով սխալ համաներում է կիրառվել: Գնահատականը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանինն է: Դրանք ներկայացված են Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում:


Տեղեկացվում է, որ Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի նկատմամբ (ում՝ անչափահաս աղջկա բռնաբարությունը դատարանն ապացուցված էր համարել) համաներում էր կիրառվել 26.05.2011թ. ուժի մեջ մտած համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի հղումով:


Դրա համաձայն՝ պետք է կարճվեն այն գործերը, որոնցով անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում:

Սակայն փաստաբանի մեկնաբանությամբ, համաներման մասին որոշումը մեկ այլ կետ ևս ունի՝ 8-րդ ենթակետը, որով հստակ սահմանված է, որ համաներումը չպետք է կիրառել մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե «այդ «հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում»:

Ազատ Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի վրա նույն համաներման մասին որոշման 9-րդ կետի՝ 7-րդ ենթակետի համաձայն, համաներում չի տարածվում, հետևաբար Ազատ Ղուկասյանի վրա ընդհանրապես չէր կարող համաներում տարածվել:
«Հարց է ծագում՝ ո՞նց է լինում, որ սենց է լինում»,- գրում է փաստաբանը:


Ազատ Ղուկասյանին «համաներելու» մասին նրան տեղեկացրել են Հարթաշենի բնակիչները և ավելացրել, որ այս տարվա հունվարի 16-18-ին, Ազատ Ղուկասյանի կինը և/կամ որդին բանկից 10.000 դոլար վարկ են վերցրել՝ գրավ դնելով աներոջ տունը:


«Չգիտեմ, թե որքանով է հավաստի այս տեղեկությունը, սակայն հուսով եմ, որ դա չէ պատճառը, որ Ազատ Ղուկասյանի նկատմամբ նման տարբերակված մոտեցում է ցուցաբերվել»,- գրել է փաստաբանը:


Նա գտնում է , որ դատարանների ու մեղադրանքը պաշտպանող դատախազության՝ նույն փաստական հանգամանքների նկատմամբ ցուցաբերել են երկակի մոտեցում՝ մեղադրական եզրակացությունը ներկայացնելիս և վճիռ կայացնելիս:


Հիշեցնենք, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը 15 տարվա ազատազրկման դատապարտվեց անչափահաս տղա երեխաների հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ:


Այն, փաստաբանի հիշեցմամբ, որակվել էր՝ « տուժողների անօգնական վիճակից օգտվել» և համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի, մինչև 10, նույնիսկ 15 տարի ազատազրկում է նախատեսում:


Ըստ փաստաբանի՝ նույնպիսի որակավորում և ծանր պատիժ պետք է տրվեր Ազատ Ղուկասյանի արարքին, որը Ոստիկանություն տանելու պատրվակով իր մեքենան է նստեցրել հարևանների կողմից գողության մեջ մեղադրվող, այդ ժամանակ 9-րդ դասարանի 15-ամյա աշակերտուհի Ա.-ին, սակայն ճանապարհին կանգնեցրել է ավտոմեքենան և Ոստիկանություն չտանելու պայմանով ստիպել վերջինիս սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ:

Սակայն այս գործով Ազատ Ղուկասյանի արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածով ՝ սեռական հարաբերության հարկադրելը շանտաժի միջոցով, որը մինչև 3 տարի ազատազրկում է նախատեսում: Արդյունքում էլ Հարթաշենի նախկին գյուղապետի նկատմամբ կիրառվել է համաներումը:


«Ի՞նչ է ստացվում, երբ 16 տարին չլրացած տղա երեխային գումար են տալիս և հետը սեռական բնույթի հարաբերություն ունենում կամ համասեռամոլությամբ զբաղվում, դա համարվում է անօգնական վիճակի օգտագործում, սակայն երբ նույն տարիքի աղջիկ երեխային Ոստիկանություն տանելու սպառնալիքով բնակավայրից դուրս գիշերով ստիպում են սեռական հարաբերություն ունենալ, դա չի՞ համարվում անօգնական վիճակի օգտագործում: Կարծում եմ՝ ինչ-որ բան այն չէ: Եվ ահա թե ինչը. Սերոբ Տեր-Պողոսյանի գործով մեղադրողներից մեկը, պատասխանելով լրագրողի հարցին, ասաց, որ եթե տուժողները երեխաներ չլինեին, այլ լինեին չափահաս, կասեինք՝ Սերոբը «գալուբոյ» է ու վերջ, այսինքն՝ գումար վճարելով համասեռամոլությունը քրեորեն պատժելի չէ, և այստեղ էական նշանակություն է ունեցել այն, որ տուժողները երեխաներ են եղել, ուստի նրանց նկատմամբ կատարվածը համարվել է անօգնական վիճակի օգտագործում»,- գրել է փաստաբանը: