Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը ինքնակամ հրաժարական է ներկայացրել

10:37 • 03.06.13

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը ինքնակամ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ռազմական ինստիտուտի կուրսանտ Սիփան Մովսիսյանի՝ հրազենային վիրավորանքի հետևանքով մահանալու կապակցությամբ, այդ մասին Tert.am-ին ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ արդեն նշանակված է ծառայողական քննություն: «Երեկ նախարարը, երբ արտահերթ խոհրդակցություն էր հրավիրել ուսումնարանում, հենց էդ ժամանակ հանձնարարեց ծառայողական քննություն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին ժամը 21:05-ի սահմաններում, պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց էր արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում։

Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս ախտորոշմամբ ընդունված Ս. Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել էր:


Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով՝ սպանություն հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել Ս. Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի ուշ ՊՆ խոսնակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կուրսանտների միջև կրակոցից առաջ հայհոյախառն վեճ է տեղի ունեցել։

Արմեն Վլադիկի Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ-ի