Լևոն Արոնյանը մասնակցել է «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարին (լուսանկարներ)
Միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասնակցությամբ այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագիրը կրող շախմատային մրցաշարը։
Միջոցառումն իրականացվեց «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։
Մինչ մրցաշարի մեկնարկը Լևոն Արոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա առիթ է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ կենտրոնացնելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վրա:
«Մենք պետք է խոսենք հաշմանդամների օրենքների մասին: Կարծեմ, լավ հնարավորություն է ինչ-որ մի ձևով մարդկանց ցույց տալ, որ շախմատիստներն էլ են սիրում ու հարգում մեր ժողովրդին: Եթե մենք մի փոքր բան կարող ենք անել, որպեսզի հաշմանդամների կյանքը լավացնենք, ապա պետք է անենք, դա մեր պարտքն է: Ես մեծ բավականություն եմ ստանում, այսպիսի մրցաշարերից»,-ասաց նա:
24 տախտակներից մեկի առջև նստած և իր հերթին սպասող Հեղինե Մովսիսյանը, ով 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, խաղից առաջ հուզված չէր և պատրաստվում էր խաղալ միմիայն հաղթանակի համար:
«Ես ակտիվ մարդ եմ ու շատ եմ սիրում առաջ շարժվել անկախ ոլորտից»,– ասաց նա՝ ավելացնելով, որ առաջարկն ստանալիս շատ է ուրախացել։ «Խանդավառությամբ լցվեցի ու սկսեցի շախմատը ավելի լավ ուսումնասիրել: Մինչ օրս չեմպիոնների հետ չեմ խաղացել, ինձ համար մեծ դաս է, հույս ունեմ, որ կհաղթեմ»,- ասաց նա:
«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանն էլ նշեց, որ մրցաշարի նպատակն է ևս մեկ անգամ հասարակության մեջ բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց խնդիրների մասին:
«Շատ կարևոր է՝ ինչու հենց շախմատը, որովհետև մեր բոլորի կողմից սիրված Լևոն Արոնյանը կխաղա հենց այդ նշանաբանի տակ՝ «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների»՝ փորձելով մարդկանց վերաբերմունքի մեջ հասնել փոփոխության: Պետք է հասկանալ, որ բոլոր մարդիկ ունեն նույն հավասար իրավունքները»,- ասաց նա:










