Հինգ անհայտ փաստ կեղտոտ ձեռքերի մասին. այսօր աշխարհում նշվում է Ձեռքերը լվանալու միջազգային օրը

14:28 • 15.10.13

Ձեռքերը լվանալու միջազգային օրը (World Hand-Washing day) նշվում է հոկտեմբերի 15-ին՝ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) աջակցությամբ։

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր օր մոտ 5 հազ. երեխա մահանում է աղիքային վարակներից։ Այդ թիվը հնարավոր կլիներ կրկնակի կրճատել, եթե երեխաները և մեծահասակները հետևեին հիգիենայի պարզ կանոններին՝ ձեռքերը լվանային օճառով, զգուշությամբ վերաբերվեին ջրի աղբյուրներին, ինչպես նաև ավելի մանրակրկիտ լվանային մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ։

 

РИА Новости-ն նշում է 5 գլխավոր փաստ կեղտոտ ձեռքերի մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, ով անհնագստանում է իր առողջության համար։


1. Յուրաքանչյուր մարդ օրվա ընթացքում ձեռքերը լվանում է միջինը 8-10 անգամ

Դա բավական է։ Ձեռքի մաշկին առկա են բազմաթիվ միկրոօրգանիզմներ, այդ թվում նաև՝ ախտաբեր։ Մի շարք հիվանդություններ կանխելու համար անհրաժեշտ է հետևել հիգիենայի ավանդական կանոններին՝ մանրակրկիտ լվանալ ձեռքերը, հատկապես մարդկանց մեծ կուտակումներով վայրեր այցելելուց, հասարակական տրանսպորտում երթևեկելուց, զուգարան գնալուց հետո և անմիջապես ուտելուց առաջ։

 

2. Արտաքինից առողջ մարդը կարող է աղիքային վարակի կրող լինել

Իրենք էլ չկասկածելով՝ հիվանդները կարող են տասնյակ և նույնիսկ հարյուրավոր մարդկանց վարակել՝ հարուցիչներ տարածելով շրջակա միջավայրում, աղտոտելով ջուրը, մթերքները։ Առավել մեծ վտանգ են ներկայացնում այն հիվանդները, որոնք աշխատում են սննդային ձեռնարկություններում, սրճարաններում ռեստորաններում, այսինքն՝ անմիջական կապ ունեն մթերքների պատրաստման հետ։


3. Գրիպով կարելի է վարակվել ձեռքսեղմման հետևանքով

 

Սկսվում է գրիպի և այլ սուր շնչառական վիրուսային վարակների սեզոնը։ Գրիպի պրոֆիլակտիկայի համար ձեռքերը պետք է լվանալ օճառով և տաք ջրով։ Գրիպի վիրուսների մեծամասնությունը փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով՝ հազի կամ փռշտոցի դեպքում, սակայն հնարավոր է վարակվել նաև ձեռքսեղմման դեպքում։

 

4. Հաճախակի ձեռքերը լվանալը սպանում է օգտակար միկրոօրգանիզմները

 

Շատ կարևոր է հիշել, որ հաճախակի ձեռքերը լվանալով մենք վերացնում ենք ոչ միայն վնասակար, այլև օգտակար միկրոօրգանիզմներ։ Գաղտնիք չէ, որ օրգանիզմն արագ վերականգնում է օգտակար միկրոօրգանզիմները, սակայն եթե չափազանց հաճախ լվանալ ձեռքերը , ապա մաշկը կարող է չորանալ և գրգռվել, կհայտնվեն ճաքեր և վերքեր, որոնք էլ կվերածվեն «մուտքի դարպասների» մի շարք հիվանդությունների հարուցիչների համար։


5. Թաց անձեռոցիկները չեն փոխարինում օճառին և ջրին

 

Իհարկե, նման անձեռոցիկներ հարմար է ունենալ ճանապարհ ընկնելու ժամանակ, սակայն անընդհատ օգտվել դրանցից բժիշկները խորհուրդ չեն տալիս։ Թաց անձեռոցիկներն ավելի շուտ պալիատիվ հիգիենա են, քան ամբողջական պրոցեդուրա։ Այդ պատճառով էլ վարակների հիգիենիկ կանխարգելիչ գործում օճառին և ջրին լավագույն փոխարինող դեռևս չկա։

 

 

Հինգ անհայտ փաստ կեղտոտ ձեռքերի մասին. այսօր աշխարհում նշվում է Ձեռքերը լվանալու միջազգային օրը