Ինչպես պետք է հագնվեն կանայք մուսուլմանական տարբեր երկրներում. հարցման արդյունքներն՝ աղյուսակով

23:48 • 09.01.14

Մուսուլման կանանց ճիշտ և պատշաճ հանդերձանքը վերջին ամիսներին բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ վերջերս անցկացրած հարցումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե մուսուլման երկրների բնակիչներն ինչպիսի հանդերձանքով են նախընտրում տեսնել կանանց:


Միչիգանի համալսարանի Սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից հարցումն իրականացվել է 7 մուսուլմանական երկրներում՝ Թունիսում, Եգիպտոսում, Իրաքում, Լիբանանում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակիչների մեծամասնությունը նախընտրում է կանանց տեսնել ավանդական հիջաբով (hijab) կամ գլխաշորով, քան ամբողջովին դեմքը փակ՝ փարաջայով (burka) կամ նիկաբով (niqab):


Հետազոտողները խնդրել են հարցման մասնակիցներին՝ ընտրել իրենց նախընտրած ոճը մուսուլման կանանց հանդերձանքը պատկերող աղյուսակից, որտեղ պատկերված են եղել տարբեր զգեստներ՝ ամբողջական փարաջայից մինչև հիջաբի տեսակներ:


Հարցվածների մեծամասնությունը՝ 57 տոկոսը՝ Թունիսում, 52 տոկոսը՝ Եգիպտոսում, 46 տոկոսը՝ Թուրքիայում, 44 տոկոսը՝ Իրաքում, կարծիք են հայտնել, որ կնոջ համար ամենահարմարը սպիտակ հիջաբ կամ ալ-ամիրա (al-Amira) կրելն է: