ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանի ու Ռուսաստանի միջև հնարավոր գործարքի մասին լուրերից
Սպիտակ տունն իր մտահոգությունն է հայտնել Իրանի ու Ռուսաստանի միջև նավթի ու ապրանքների մատակարարման շուրջ պայմանավորվածության մասին լուրերից, ինչի մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեթլին Հեյդենը։
Ինչպես նշում է Взгляд-ը, Reuters-ի հետ զրույցում Հեյդենն ասել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին իր անհանգստության մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովին։
Հեյդենը նաև հավելել է, որ 2 կողմերի միջև պայմանավորվածությունը հակասում է Իրանի ու միջնորդ «վեցյակի» միջև նոյեմբերին Ժնևում ձեռք բերված համաձայնությանը և կարող է դառնալ նոր պատժամիջոցների սահմանման պատճառ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանի ու Ռուսաստանի իշխանությունները ներկայում բանակցում են «նավթ՝ ապրանքի դիմաց» համագործակցության տարբերակի շուրջ, որը ենթադրում է Մոսկվայի կողմից օրական 500.000 բարել իրանական նավթի գնում՝ դրա դիմաց վճարելով ռուսական ապրանքներով ու սարքավորումներով։ Սակայն օրեր առաջ իրանական կողմը հերքել էր այս տեղեկությունը։










