ԼՂ ջրամբարների տեխնիկական վիճակը գնահատվում է բավարար, առավել վնասված է Վարանդայի ջրամբարը
Լեռնային Ղարաբաղի Սարսանգի, Խաչենի, Մատաղիսի և Վարանդայի ջրամբարների տեխնիկական վիճակի համալիր ուսումնասիրությունների արդյունքում դրանց վիճակը գնահատվել է, ընդհանուր առմամբ բավարար. Խաչենի և Մատաղիսի ջրամբարներինը՝ բավարար կայուն, իսկ Վարանդայի ջրամբարում, պայմանավորված պատերազմական գործողությունների հետ, արձանագրվել են որոշ վնասվածքներ, որոնք պահանջում են անմիջական վերականգնում:
«Էդպիսի վտանգավորության աստիճան, որ ակնկալենք, որ Խաչենի կամ Մատաղիսի ջրամբարը ներկայացնում են սպառնալիք, նման բան չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի պետական և ճարտարապետական շինարարության համալսարանի պրոռեկտոր, ԼՂՀ ջրամբարների տեխնիկական վիճակի հետազոտության ծրագրի ղեկավար Արեստակ Սարուխանյանը՝ մանրամասնելով Լեռնային Ղարաբաղում առկա ջրամբարների տեխնիկական վիճակի վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները:
Հիշեցնենք, որ հիդրոտեխնիկական կառույցները համարվում են առաջին կարգի վտանգավորության աստիճանի կառույցներ, որոնց անվտանգության ապահովումն ունի ոչ միայն խիստ կարևոր նշանակություն, այլև այդ կառույցների անվտանգության կորուստը կարող է առաջացնել վթարներ, որոնք համադրելի են տեխնածին աղետների հետևանքների հետ:
Ծրագրի առաջին փուլում, ըստ Արեստակ Սարուխանյանի, ուսումնասիրվել է վտանգավորության աստիճանի տեսանկյունից ամենաառաջնային կառույցը՝ Սարսանգի ջրամբարի տեխնիկական վիճակը: Եվ թերևս Սարսանգի ջրմաբարի գրունտն այս տարիներին, ըստ ուսումնասիրության արդյունքների, չի վնասվել առհասարակ և ունի բավականաչափ կայուն կառուցվածք, բայց այն իր ռիսկայնությամբ աստիճանով համարվում է առաջինը:
«Սարսանգի ջրամբարը, հանդիսանալով Եվրոպա աշխարհամասի ամենաբարձր գրունտային պատվարը և հանդիսանալով ինժեներական տեսակետից համապարփակ մի կառույց՝ իրականացված բարդ ինժեներական պայմաններում, իր ռիսկայնությամբ համարվում է առաջին աստիճանի կառույց: Խիստ անհանգստանալու առիթ չկա, սակայն ջրամբարի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ է իրականացնել շահագործման գործառույթներ, որոնք հաճախ մեր կողմից բաց են թողնվում»,- ասաց Արեստակ Սարուխանյանը:
Իսկ առհասարակ, Սարսանգի պատվարի տիպի նման կառույցները, ըստ գիտնականի պահանջում են մշտական ուսումնասիրություններ՝ կայունության դինամիկայի, որոնք հաճախ մեր կողմից բաց են թողնվում:
Նման կառույցների ամրությանն ու կայունությանը, ըստ գիտնականի, սպառնում են պատվարի մարմնի գրունտի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների փոփոխությունը և պատվարի մարմնով անցնող ֆիլտրացիոն հոսքերը, որոնք էլ պատվարների փլուզման հիմնական պատճառներ են համարվում:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին, ադրբեջանցիները մշտապես սպառնում էին պայթեցնել Սարսանգի ջրամբարը:
Ի պատասխան հարցի, թե եթե նման բան պատահի, Հայաստանն ունի հաշվարկներ, թե ջուրը ինչ ուղղությամբ է հոսելու, գիտնականն ասաց, որ, եթե Աստված մի արասցե, նման բան տեղի ունենա, ապա Լեռնային Ղարաբաղը կկրի, հիմնականում, միայն նյութական կորուստ, իսկ ադրբեջանական տարածքների հսկական մի հատված ջրածածկ կլինի:
«Բացի այդ, երբ հարվածային ալիքը հասնի Քուռ գետին, այդ էդ հանգույցում, դրան կմիանան նաև Քուռ գետի հոսքերը և Ադրբեջանի ջրածածկ տարածքների սահմանները կառաջացնեն էկոլոգիական աղետ»,- ասաց Արեստակ Սարուխանյանը:
Նշենք, որ ԼՂՀ ջրամբարների ուսումնասիրության ծրագիրը սկսվել է դեռևս 2012–ին, շարունակվել 2013-ին և շարունակվելու է 2014-ին, և աշխատանքներին ներգրավված է եղել 7 աշխատանքային խմբեր,իսկ ընդհանուր առմամբ՝ ծրագրում ընդգրկված են եղել շուրջ 37 ինժեներներ:
Գիտնականը հավելեց, որ խնդրահարույց է այն, որ այդ կառույցները չունեն իրենց տեխնիկական–ինժեներական փաստաթղթերը, որոնց վերականգնումն անհրաժեշտ է:










