Մելիք գյուղի բնակիչները դեմ են ոսկու հանքի շահագործմանն ու 3-րդ պոչամբարի կառուցմանը. բնապահպաններ
Մելիք գյուղում օրերս հանրային լսումներ են անցկացվել՝ կապված համայնքի ոսկու հանքի շահագործման և 3-րդ պոչամբարի կառուցման խնդրի հետ: Նշենք, որ դեռևս 2005-2012թթ.-ին հանքը շահագործել է «Գլոբալ գոլդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «Մեգո գոլդ»-ը, որն այսօր կրկին շահագործելու ծրագիր է ներկայացրել:
Հանրային լսումներին մասնակցել են նաև էկոլոգիական հասարակական դաշինքի անդամներ Գրետա Գաբրիելյանը և Սիլվա Ադամյանը, որոնք այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին դրանց արդյունքները:
Նրանցից բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ վերջին հասարակական լսումը պաշտոնապես համարվում է 3-րդը, սակայն իրականում այն 1-ինն էր։
«Համայնքում առաջին անգամն էր հանրային լսում իրականացվում, մինչ այս իրականացվել է Երևանում և համայնքի ներկայացուցիչները չեն կարողացել գալ մայրաքաղաք ու իրենց կարծիքը հայտնել: Նախորդ հանրային լսմանը, երբ իմացել էին ընկերության ներկայացուցիչները, որ բնապահպանները գալու էին, շտապ կանչել էին գյուղապետին: Նա իր համաձայնությունն էր տվել շահագործման մասին: Բայց այս անգամ երբ անցկացվեց համայնքում, բոլորը դեմ եղան»,- ասաց նա:
Սիլվա Ադամյանը նշեց, որ հանրային լսումներից հետո համայնքի ղեկավարը պետք է ներկայացնի իրենց որոշումը, ինչպես ինքն է նշել, հաշվի առնելով բոլորի կարծիքը: Բնապահպան Գրետա Գաբրիելյանն էլ ընդգծեց, որ համայնքում գրեթե բոլորը դեմ են հանքի շահագործմանը, քանի որ դրանից բացի վնասից համայնքին որևէ օգուտ չի եղել:
«Իրենց գյուղի տարեցներից մեկը՝ Հովհաննես պապը, ասում է, որ գյուղի աղբյուրները ցամաքել են, որ իրենց կովերն ու հարսներն այլևս չեն ծնում: Երիտասարդներն ասում են, որ իրենք իրենց զգում են մեծահասակների նման, կարծես երիտասարդ չլինեն: Ամբողջ խնդիրն առաջացել է այնտեղից, որ իրենք դեռևս 2005-ին, երբ սկսեցին շահագործել հանքը, պետք է փակ իրականացնեին, այնինչ խախտեցին պայմանը և բաց շահագործում իրականացրին, ինչը ֆինանսապես ավելի մատչելի է իրենց համար»,- ասաց նա:
Գրետա Գաբրիելյանը նաև նշեց, որ 3-րդ պոչամբարը, թեև նախատեսված է համայնքից 800 մ հեռավորության վրա կառուցել, ինչը ևս բավարար չէ, բայց համայնքի բնակիչներն այլ բան են վկայում:
«Նրանք ասում են, որ իրականում 200 կմ հեռավորության վրա է համայնքից, դեռ ավելին՝ ասում են, որ իրականում սա 4-րդ պոչամբարն է, բայց թաքցվում և ներկայացվում է իբրև 3-րդ: Մենք ստուգելու որևէ հնարավորություն չունենք, որովհետև շահագործող ընկերությունը թույլ չի տալիս իրենց տարածք մտնել»,- ասաց նա և ընդգծեց, որ այն հատվածը, որտեղ կառուցվում են պոչամբարները բարձրադիր են և մեծ ռիսկ կա, որ վարարումների ժամանակ կարող են լցվել գետերն ու դաշտերը:










