Ռուբեն Դիշդիշյանը Հայաստանում 1988–ի երկրաշարժի մասին ֆիլմ կնկարահանի

08:58 • 21.05.14

Հայտնի պրոդյուսեր, ռուսական «Централ Партнершип» խոշորագույն կինոընկերության հիմնադիր Ռուբեն Դիշդիշյանը պատրաստվում է մեծ բյուջեով «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմը կպատմի 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։


Գործողությունները ֆիլմում ընթանում են այն ժամանակվա Լենինականում։ Գլխավոր հերոսները 28-ամյա հայ երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանն է և 50-ամյա ազգությամբ ռուս Անդրեյ Բերեժնոյը, որոնք հայտնվում են երկրաշարժի էպիկենտրոնում և առաջիններից են լինում, որ շտապում են օգնել տուժածներին։ Ռեժիսորը կլինի ֆիլմի համապրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը։


«Դա մեր առաջին համատեղ նախագիծն է Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների հետ։ Նախատեսում ենք նկարահանումները սկսել 2015թ. գարնանը Հայաստանում, որտեղ ստացել ենք կառավարության, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության և Հանրային հեռուստաընկերության աջակցությունը»,– պատմել է նա։


«Դերասանական կազմը կլինի բազմազգ. դերասաններ կընտրենք Ֆրանսիայում և այլ եվրոպական քաղաքներում, նախկին ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Վրաստանում և Ուկրաինայում։ Այժմ բանակցություններ ենք վարում Վլադիմիր Մաշկովի հետ, ով, հնարավոր է, որ կկատարի գլխավոր դերերից մեկը»,- պատմել է Ռուբեն Դիշդիշյանը։


Ֆիլմը բյուջեն կկազմի մոտ 5 մլն դոլար։ Նկարահանումները կիրականացվեն նաև հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամի աջակցությամբ։



 

Ռուբեն Դիշդիշյանը Հայաստանում 1988–ի երկրաշարժի մասին ֆիլմ կնկարահանի