Միայն Հայաստանն է օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
16.20
Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սոչիում այսօր այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը:
ՀՀ Նախագահը, մասնավորապես ասել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի և՛ Ձեր ջանքերի, և՛ Ձեր ժամանակի համար՝ այս բարդ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ուշադրություն հատկացնելու համար: Մենք՝ անձամբ հայկական կողմը, դա, իհարկե, շատ բարձր ենք գնահատում: Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերի վրա, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ բան էլ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի: Ես շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք տրամադրված եք հիմնախնդրի լուծմանը, և այդ հարցի լուծումը ելնում է Հայաստանի ազգային շահերից»:
Ադրբեջանի նախագահն ասել է. «Շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալ եմ այդ հարցում Ձեր վերաբերմունքի համար: Ինչպես մենք երեկ քննարկեցինք, այդ հարցը պահանջում է իր լուծումը, այն չափազանց երկար ձգձգվեց: Հուսով եմ, որ Ձեր անձնական մասնակցությունը այդ գործընթացում նոր ներուժ կհանդիսանա բանակցային գործընթացի համար: Ինչպես Դուք նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափ: Գոյություն ունի նաև հակամարտությունների կարգավորման իրավաբանական բազա: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա: Մինսկի խումբը՝ ի դեմս իրենց համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես գտնում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր ջերմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև կհամապատասխանի արդարությանը»:
«Ես հաճույքով արձանագրում եմ, որ Ադրբեջանի Նախագահն ուշադրություն դարձրեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա: Եվ Դուք, այժմ դրա մասին ասացիք: Անկասկած, յուրաքանչյուր բարդ իրավիճակ կարող է լուծվել եթե կա բարի կամքի դրսևորում: Ես կարծում եմ, որ նման բարի կամք և՛ ադրբեջանցի ժողովրդի, և՛ հայ ժողովրդի կողմից առկա է»,- ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:
15.30
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ այսօր բոլոր կողմերը հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման օգտին, գրում է Gazeta.ru-ն:
«Մենք պետք է համբերություն, խոհեմություն և միմյանց նկատմամբ հարգանք ցուցաբերենք լուծում գտնելու համար»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի լրումն՝ նա նշել է, որ կոնֆլիկտը առաջացել է դեռևս Խորհրդային Միության փլուզման ժամանակ:
«Անշուշտ, ցանկացած դժվար իրավիճակներ կարող են կարգավորվել, եթե կա բարի կամք, նման բարի կամք ադրբեջանական ժողովրդի կողմից, հայկական ժողովրդի կողմից գոյություն ունի»,- ընդգծել է Ռուսաստանի Նախագահը:
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ Պուտինը դրական է գնահատել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրության մասին երկու Նախագահների հայտարարությունները: «Դա իրականում ամենագլխավորն է, որովհետև ավելի մեծ ողբերգություն, քան մարդկանց մահն է, չկա»,- ընդգծել է Պուտինը:
Վլադիմիր Պուտինը պատմել է, որ նախօրեին ունեցած Ալիևի և Սարգսյանի հետ երկկողմ բանակցություններից հետո, առաջնորդները երեկոյան ևս մեկ հանդիպում են ունեցել ոչ պաշտոնական միջավայրում: «Երեկոյան ոչ պաշտոնապես շփվել ենք, ճիշտ է, փառք Աստծո, մենք երեկ երեկոյան չենք անդրադարձել գործնական բնույթի հարցերին, սակայն այնուամենայնիվ հնարավորություն է եղել խոսել իրար հետ տարբեր թեմաներով»,- հայտարարել է նա:
Պուտինը հավելել, է որ նախօրեին տեղի ունեցած այդ զրույցը բարենպաստ հիմք է ծառայել այսօրվա հանդիպման համար:
ՌԴ Նախագահը հիշեցրել է, որ գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգային ձևաչափեր:
«Անշուշտ, մենք հարգանքով ենք վերաբերում բոլոր այդ միջազգային ձևաչափերին և մեր գործընկերների հետ կշարունակենք աշխատել»,- ընդգծել է Պուտինը: Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ հարկավոր է շարունակել երկրների միջև երկկողմ շփումները՝ հաշվի առնելով հարաբերությունների հարուստ պատմությունը:
«Ամեն դեպքում այդ ամենը օգտակար է, և ես ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու և բոլոր այդ թեմաների մասին խոսելու հնարավորության համար»,- եզրափակել է Պուտինը:
14.50
Սկսվեց Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության Նախագահների եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մասնավորապես անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին:
Հիշեցնենք նաև, որ նույն օրը Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպումը։
Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19-ին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի մասնակցությամբ:










