Բոռերի խանդավառության ժամը կամ մի կաթիլ մեղր

22:00 • 27.08.14

Ահագին ժամանակ է՝ ուզում էի գրել մեղուների մասին, բայց գրելիս հասկացա, որ ոնց էլ գնամ, ճանապարհին ջուր եմ լցնելու աշխարհի վերջը քարոզողների ջրաղացը։ Դե տեսեք. պիտի ասե՞մ, թե աշխարհում քանի միլիոն մեղու է արդեն անհետացել, այստեղից բխող մահացու հետևանքներով, դրանից հետո ընթերցողին շիվար չթողնելու համար պիտի խոսե՞մ պատճառների մասին. այ էդտեղ արդեն գերեզմանափորերը ձեռք ձեռքի տված գալիս են՝ բջջային բոլոր բաժանորդներից սկսած, մնացած եթերահեններով վերջացրած,էլ չասած՝ մոլորակը վերջնականապես պղծող մնացած «հարամչիների» մասին։ Հիմա եթե բնության ամենաժրաջանները մոլորվել ու կորցրել են իրենց կյանքի ճանապարհը, բա սրանից էլ տխուր բա՞ն, նրանք,որ մի կիլոգրամ մեղրի համար առանց ախ քաշելու կտրում էին 300 հազ կմ ճանապարհ, այ հենց նրանք։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ մարդու ականջին շատ գեշ բան է ասվում ու հենց այս բանն է հիմա ձեռքիցս քաշում, որ չբռնեմ ու գրեմ այդ անիծյալ... վերջ բառը։ Չէ՞, որ աշխարհի վրա դեռ այնքան սիրուն պատկերներ կան.հենց օրինակ իմ այսօրվա զրուցընկեր մեղրավաճառի պատմածը. « էս մարդս վերջին տարիներին լրիվ ուժից ընկել էր, տեղերն էլ առանձին էի գցում, էն վերի գլխի սենյակում։ Մի գիշեր եկել ա, թե՝ ծոցդ մտնեմ։ Ասի, այ մարդ, էդ ինչ արքայություն ա մտքովդ անցել, դու հիվանդ մարդ ես, գնա քնի քեզ համար, մի քյալագի կգաս։ Ու ինձ գիտես ինչ ասավ. ասավ,այ Մարգուշ,մեղվի որձը՝բոռը, իր կնկան օդում է բռնացնում ու իրա գործը տեսնում և դրանից հետո էլ սրա շունչը փչում ա. խի նա չգիտի՞ որ դրանից հետո մեռնելու ա, լավ էլ գիտի, բայց սիրտն էդպես ա ուզում, էդպես էլ անում ա...»։ Այս մեղրանուշ պատմությունից հետո կարելի էր ավարտել գիրը և անցնել զրույցին, բայց տիկնոջ առաջ մեղա գալու հարկ կա անշուշտ. ներողություն, սիրելիս,մ ենք՝ լրագրողներս էլ բոռերի պես օդից սեր ենք ուզում բռնել և ով ասաց, թե չենք մեռնում մեր այդ խանդավառության ժամին...


-Բարև, աղջիկ ջան։


-Հազար բարև, մայրիկ ջան, հը՞, ի՞նչ կա։


-Քո դուռը հասա. կարո՞ղ ա քնած էիր, քոռ մնամ ես։ Հետդ մի «մսլահաթ» ունեմ։


-Թե դարդուցավ ա, բեր իմի հետ կռվացնենք. էնքան դարդ ասեմ, քոնոնք մոռանաս։


-էհ, էն դաշտի ծաղիկը որ ծաղիկ ա, նա էլ մի դարդ ունի.աշխարհքս ոտուգլուխ դարդով լցված ա, քույրիկ ջան։ Մի անասուն կգա կճմռի, կթքի, կթրքի. բա՞։


-Հիմա քո դարդն ի՞նչ ա։


-Ես իմ բեյնի քաշվածն եմ. էն օղորմածիկ մարդս ասում էր՝ Մարգուշ, ձեռից պինդ ես ըռխից՝ բոշ. 50 տարի ծոցս պառկած ինձ չճանաչեց. դե հիմա էլ սաղ գցել ա իմ վզին գնացել իրա համար հողի տակը մուշ-մուշ քնել։ Դրանից էլ հեշտ բան. ես էլ կարամ հենց հիմա գնամ կողքը պառկեմ, բայց ամոթ-աբուռ կա չէ՞, էս էրեխեքի դարդը բա ո՞վ քաշի։


-Այ կնիկ, քո ուժն էլ օղորմածիկի վրա՞ է պատում, նրա վրա ես մուննաթ գալիս. եթե մեռելների հետ ես կռիվ անում, ուրեմն ողջերին ձեռդ չի հասնում։ Ասա տեսնեմ, ի՞նչ գործով ես քաղաք եկել էս շոգ կրակին։


-Ես ու իմ Աստված. էս ինչ լավ տեղ գցեց ինձ.հեսա սիրտս բացեմ քո առաջ. մարդուկնիկ ղալմաղալ արին էրեխեքի դպրոցի համար.հարսս խեղճացրեց էս իմ հարիֆ տղուն՝ ասում ա, սեպտեմբեր ա, էրեխեքս՝ տկլոր, դասի դպրոցի բան չունեն ու աչքն ա կոխում էն էրեկվա ծրտոտներին, որ հացուտոմատով մեծացան աչքիս առաջ։ Ես էլ մտա կռվի մեջ, ասի էդ տղուց ինչ ես ուզում աղջի, ու ասի, խոսք տվի, որ տատը կառնի էրեխեքի դպրոցի պայուսակները. դե բերան ա, բացվավ՝ ասավ։ Բայց քաղաքի հերը շուն դառնա. եկա քաղաք, տեսնեմ էդ անտերները՝ կրակի գին։ Դե ասի, ձեռիս մեղրը մանրեմ. օղորմածիկն ասում էր մեղրը վալյուտա ա, վալյուտա։


-Բայց դե մեղր առնելն էլ գիտություն է. մի տարի մեկից առա մերս եկավ շան լափը թափեց գլխիս. ասաց էդ իսկի պեսոկ էլ չի, ձյութ ա...


-Աման, յա մեղրը հարամես, յա մի օջախ. բա մեղվի հալալ աշխատանքը տեսնողը մեղր կհարամի՞։ Օղորմածիկը մեղվաբույծի տասը մեդալ ունի տանը, արի տես,աշխարհի բոլոր գրքերը կարդում էր մեղուների մասին ու ինձ պատմում։ Մի օր ասավ, Մարգուշ, էս մի կիլո մեղրի համար գիտես մեղուն ինչ շան տանջանք ա քաշում, մի կիլոյի համար 20 միլիոն ծաղկի վրա ա նստում վեր կենում, բերանով ես ասում 20 միլիոն...ինչե՜ր գիտեր, ինչե՜ր։


-Մի երկու միլիոնն ավել ա ասել, իհարկե. բայց իր սարքած տնտեսությունը կարողանու՞մ եք հիմա պահեք, թե՞ քոռուփուչ եք անում քիչ-քիչ։


-էհ,վերջին տարիներին իսկի ինքը չէր կարում արդեն իրա մեղուների լեզուն հասկանար, ասում էր սովետը քանդվեց սրանք էլ կապները կտրեցին։ Հետո էլ փող է պետք էդ գործին, մեղուն էլ միամիտ չի, որ առանց փողի աշխատի։ Բայց դե ինքն իրա տունը քանդեց, ինքը. մի օր վերևներից մեծամեծեր էին եկել՝ նաչալնիկ բան, նաչալնիկ չէ է, ավելի բարձր...


-Նախարա՞ր։


-Հա, արևդ ապրի, նախարար։ Էս իմ մարդս սրանց բերեց փեթակների մոտ ու մեղվի կյանքով դրանց լրիվ խայտառակ արեց, դրեց մի յան. սաղ ասեց, պատմեց, որ մայր մեղվից ա կախված ընտանիքի ուժը, զորությունը, թագուհի մեղվի բնավորության մասին ասավ, ընտանիքի դիսցիպլինայի մասին պատմեց, ասավ, թե մեղուները ոնց են «ուբորկա» անում իրանց փեթակը, ոնց են կերակրում մյուսներին ու ոնց են հետ գցում ձեռներն ընկածը։ Վերջում էլ կատաղեց, էն ամենամեծին ասավ՝ կրետ։


-Բա նա ո՞նց պատասխանեց։


-Ոչ մի բան էլ չասավ, բայց որ գնացին, ես իրան զգուշացրի՝ ասի քեզ չպատասխանողից վախեցի։ Բայց դե հերսը հելել էր, կարող ա չասեր՝ ինսուլտը խփեր։ Բայց հիմա ես էլ կասեմ. դու գիտես չէ՞, որ մեղվի հենց էգն ա խայթում։ Մի օր մարդս տեղը տեղին սրա մասին պատմում էր, ասում էր սաղ փեթակը էգերի հույսին ա՝ մեղրամոմն իրանք են սարքում, փեթակի մաքրությունն իրանց վզին ա, ժառանգն իրանք են ապահովում, դրա համար էլ խայթում, պաշտպանում են իրանց ստեղծածը։


-Դե ձու ածան հավն էլ կկչկչա, չէ՞։


-Ապրես. ով կնկտոց բան կասի, կոպեկի խելք չկա գլխին։ Օղորմածիկը «տաշտով» ջուրը բերում էր, թե ոտերդ դիր մեջը հանգստացի։


-Սեր ա է՜...


-Դե լավ, ամոթ ա, դու էլ...


-Սերը ո՞նց կարող է ամոթ լինել, չսիրելն է ամոթ, անսեր մնալը...


-Դե որ տենց ասիր մի բան պատմեմ. էս մարդս վերջին տարիներին լրիվ ուժից ընկել էր, տեղերն էլ առանձին էի գցում՝ էն վերի գլխի սենյակում։ Մի գիշեր եկել ա, թե ծոցդ մտնեմ։ Ասի՝ այ մարդ, էդ ի՞նչ արքայություն ա մտքովդ անցել, դու հիվանդ մարդ ես, գնա քնի քեզ համար, մի քյալագի կգաս։ Ու ինձ գիտես ինչ ասավ.ասավ՝այ Մարգուշ, մեղվի որձը՝բոռը, իր կնկան օդում է բռնացնում ու իրա գործը տեսնում և դրանից հետո էլ սրա շունչը փչում ա. խի նա չգիտի՞ որ դրանից հետո մեռնելու ա, լավ էլ գիտի, բայց սիրտն էդպես ա ուզում, էդպես էլ անում ա։


-Ինչ սիրուն ա. մի քանի վայրկյան երջանկության համար կյանքը զոհել։


-Իր երջանկության համար չի զոհում է, այլ՝ուրիշների։


-Բայց իմ իմանալով, մեղվամայրերն աշխարհի ամենաբարոյական ու նվիրված կանայք են, չէ՞, եթե չեմ սխալվում ամբողջ կյանքում մի արու են նուբար անում, էն էլ ընդամենը մի անգամ։


-Բա էլ խի ես ասում, թե որձը երջանկության խաթեր ա մեռնում. նա մեռնում ա, որ չոր կոճ չդառնա, սերունդ տա. մեղվի հղիությունը մարդու պես թռի-վռի չի, հիմիկվա հարսները մի էրեխա են բերում, գալիս նստում գլխիդ։ Բոռը, որ մեղվամորը մոտեցավ, վերջ, սաղ կյանքը ձու կածի։ Գնա, գնա մի հատ ասեղ բեր քեզ ասեմ։


-Ասեղն ի՞նչ ես անում։


-Խրեմ էս մեղրի մեջ, ծերն առ գնա Բաղդադ,էս մեղրը հետևիցդ կգա։


-Վայ, մեռա ես...համ էլ գիտես ինչ հիշեցի. մի անգամ մի ընտիր երաժիշտ կա, Դանիել Երաժիշտը, եկավ ինձ հյուր, ոչինչ չէր ուտում, մսակեր չի, ասի մեղր հյուրասիրեմ գոնե, ու գովում եմ էդ մեղրը, ասում եմ լավն ա, ծանոթ մեղվապահ ա բերել, մեկ էլ էս մարդը հո հումոր չարեց. ասում ա լավ մեղր ուտելու համար ծանոթ մեղվապահը քիչ ա, պիտի ծանոթ մեղու ունենաս։


-Մի խնդա, վեր կաց ասեղը բեր։


-Քեզ էլ թվում է ես իսկական կնիկ եմ ու ասեղներս շարած ա բարձիկների վրա, հա՞։ Էս քաղաքի կնանիք տարիներով ասեղ-թել չեն վերցնում ձեռքները. պատռվածն էլ աղբի բաժին ա դառնում։

 

 

-Հիսուս քեզ Քրիստոս /խաչակնքում է/...աղջի, հիմա որ բութ մատդ ուզեմ, ասելու ես էդ էլ եմ գցել զիբի՞լը։ Հլա ստեղ տուր բութ մատդ. նայի էս գնդիկին, տեսար՞, դե գնա սենց պարի, «բրիլիանտի» քարի պես ձեռիդ փայլում ա,որովհետև իսկական տնական մեղր ա։


-Հիմա տնակա՞ն ա, թե՞ բնական։ Որ տնական եք ասում, ոնց որ տանը դուք սարքած լինեք, ոչ թե՝ մեղուն դաշտում։


-Ոնց ինձ տեսար անարատ, տենց էլ էս մեղրը ճանաչի։


-Մարգուշ ջան, էս աշխարհում ոչ մի պատահական բան չի լինում. էդ ո՞նց եղավ, որ դու եկար, հասար մինչև իմ դուռը. ես սուրճ դնեմ խմենք, դու պատմի։


-Ձեր շենքի խանութում էի, ժողովուրդը քո տեղն ասավ, ճամփա ցույց տվեց։ Էս մեղրը բերել էի հորեղբորս աղջկան, դեղի համար էր ուզել, էն էլ որ էրեխեքի պայուսակների գները տեսա լեղիս ընկավ փորս՝ ասի, գոնե սա մանրեմ, որ սևերես չդառնամ։


-Այսինքն շենքում էլ ոչ մեկի ցույց չես տվե՞լ։


-Չէ, հոգուդ մատաղ, ես մեղր ծախող չեմ. Էն ժամանակ իսկի որ մեղրը բոլ-բոլ էր, օղորմածիկը չէր թողնի մի լիտր ծախենք.ասում էր, մեղրը հազար ճամփա ա բացում, լավություն արա, փողով մի տուր։ Էդ մեղուները տղիս տեղը տեխնիկումն ավարտեցին, հարսիս տեղն էլ ինստիտուտ էին գնում-գալիս, որ խանումը չչարչարվի։


Մի ծիծաղի է, ճիշտ եմ ասում, որ էդ մեղրը ես էս թաթերով չտանեի տայի ում որ պետք ա, դրանք դիպլոմի երես չէին տեսնի։ Հիմա ասում են՝ մեզ մեղու պետք չի. էն օրը հոր գրքերը հանել դրել եմ առաջը ասել եմ՝ կարդա, որ հասկանաս ընտանիքն ինչ ա, տունն ու աշխատանքն ինչ ա. մեղուն 200 օր հավաքարար ա աշխատում, որ կարենա տունը հաց բերի, նեկտար բերի, հետո դառնում ա պահակ, որ իրա աշխատանքը գողացող չլինի, պահակից դառնում ա միլիցա, հետո ծնող. նկարը տվել եմ ակնամոմի, ասել եմ կնկանդ էլ տար ցույց տուր, որ կյանքը հասկանաք, ուրագի պես չապրեք, միշտ դեպի ձեզ. էդ վեց-վեց անկյունները գիտե՞ս մեղուն խի ա սարքում։


-Երևի նրա համար, որ վեցանկյունը ազատ տարածք չի թողնում, հա՞։


-Չէ, գնա մատիտը բեր բացատրեմ .տես էս պատը կա, էս պատն արդեն միայն իրենը չի, «պերեգարոդկա» ա, նաև հարևանի համար։ Նա մենակ իրա դարդին չի, հարևանի դարդն էլ հետն ա քաշում։ Այ էս բանն իմ տղան, որ շուտ հասկանար եղած փողը չէր տանի դնի տան դարպասները բարձրացնելու վրա ու իմ հարևանին ինձ թշնամի չէր սարքի. հարևանդ էլ կիմանա, թե դու քո տանը մարդ ես մորթում, որ տենց դարպասներ ես սարքել։ Ասա մեղվին նայի, գոնե խելք հավաքի է, ոչ թե մեղուն վերացրու։


-Լավ, մի նեղսրտի, ջահել են, դեռ կհասկանան...


-Նույն ծաղկից օձը թույն ա սարքում, մեղուն՝ մեղր։ Օղորմածիկն իր էս տղուն չէր ղմշում բանեցներ, դե հիմա թող գլուխը հողից բարձրացնի, տեսնի ինչ բոռ ա իրա ծոցում մեծացրել։ Չաշխատող մարդը եթե էսօր հանցագործ չի, վաղն ա դառնալու հանցագործ։ Հենա, էդ անտեր կամպյուտերից դու էլ ունես, դա իմ աչքի գրողն ա, միացնում ա ու սաղ օրը դեմը նստում։ Ինձ ասում ա՝ էն հեռախոսներից քեզ տամ, «սոտվի» եք ասում, ինչ եք ասում, ասի՝ ինձ էդ պետք չի, կարաս նենց հեռախոս տաս, որ զանգեմ օղորմածիկ հորդ ու մսլահաթ անեմ, թե քո վերջն ինչ ա լինելու, որ սենց պարապ-սարապ նստած ես սաղ օրը։


-Ասում են՝ հենց այս բջջային հեռախոսները, այս նոր ցանցերը դարձել են ՄԵՂՈՒՆԵՐԻ գլխին պատուհաս, մեղվաընտանիքների անկման պատճառը։ Ամբողջ աշխարհն անհանգստացած է, որ մեղուները ոնց որ կորցրել են իրենց երթուղիները, չեն կողմնորոշվում, մոլորվում են ճանապարհներին, տեղ չեն հասնում։ Էս ի՞նչ հաշիվ ա։


-Էն հաշիվն ա, որ մեղուները քեզնից ու իմ տղուց ավելի լավ են հասկանում վիճակը։ Սաղ օրը դզզացնում եք ձեր ձեռքի հեռախոսները, բա մեղուն իրա ընկերոջը դզզոցով ա կանչում, բան հասկացնում. դրա համար էլ իրար կորցնում են։ Եթե մեղուները պակասեցին, վայն եկել է ձեզ տարել։ Օղորմածիկն ասում էր մեղուն ա կյանքը, մեղուն որ չլինի, սաղ բուսականությունն էլ կվերանա, մարդկությունն էլ։


-Հենա, Ամերիկայի պրեզիդենտը հանձնարարել է իրենց գիտնականներին, որ բոլոր պատճառները պարզեն ու ելքեր գտնեն. այնտեղ մի տարում մեղուների 1/3-ը վերացել է։


-Իյա, էդ դրանք նոր են խելքի եկել էդ ռոբոտները։ Բա դրանք էլ սիրտ ունե՞ն, որ մեղվի հետ զրույց անեն, հասկանան նրա ասածը։ Հեսա սաղ կկոտորվեն, նոր կիմանան։ Մեղուն որ մարդուն չհասկանար, նրա բժիշկը չէր կարա լիներ. ուրեմն նրա դարդուցավը գիտի, չէ՞, որ բուժում ա. նույնիսկ մեղվի թույնն ա բուժիչ։


Աղջի, բոլ ա ինձ խոսացրիր, ավտոբուսս գնաց հիմա։ Արի քարը թափի փեշիցդ, էս մեղրը առ, ես էլ գնամ իմ գործին։


-Լավ. դե հիմա տես ինչ ենք անում. ես ասի, որ ինձ մեղր պետք չի, տեսար որ ահագին ունեմ, բայց ես քո մեղրը հեսա հորով-մորով կանեմ։ Սպասի կանչեմ հարևանիս, տեսնեմ կառնի՞։ Բայց դու գնա խոհանոցում նստի, որ նա չիմանա, որ անծանոթի մեղր ա։


-Աման, էսքան մոտիկությունից հետո էլի անծանոթ ես ասում ինձ, այ կնիկ։ Բա ես էսքան սիրտս բացի քո առաջ...


-Դե իրեն էդքանը չես բացատրի. թե ուզում ես մեղրդ ծախենք, գնա խոհանոցում սպասի, ձեն չհանես հանկարծ։ Սպասի, զանգում եմ. ...Բարև, հարևան, ընտիր մեղր են բերել մեր էն իմացած տեղից, արի բաժինքդ վերցրու։


Հարևան- Քո կարծիքով, մաքուր ա՞.ոնց որ գույնը մի քիչ խամրած ա երևում. հոտն էլ անցյալ տարվանը չի.կ արող ա՞ էս անգամ խուժանություն են արել...


Մարգուշն այստեղ չդիմացավ ու ներս խուժեց։


-Տո խուժանը դու ես, էդ ո՞նց ես խոսում էդ մեղրի հետ։ Ասեղ բեր, կրակ արա, չոր հաց, շաքար լից մեջը, սաղ բաներով ինձ ստուգի. կուզես ծծերս թալեմ գետնին ու երդում ուտեմ։ Ես արդար մեղր սարքեմ դու գաս ինձ խուժան ասես...Աման, Աստված, մի իջի տես Մարգուշին քաղաք տեղը ոնց են է ուզում խեղճացնեն. խուժանը դու ես, քո ախպերն ա...


-Այ մարդ, սպասեք, էս «Մի կաթիլ մեղրի» պատմությունը դառավ լրիվ.


Հա՜յ, օգնությո՜ւն... ըսպանեցի՜ն...
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
Ճիչով, լալով,
Հարայ տալով,-
Էլ հերն ու մեր.
Քիր ու ախպեր,
Կին, երեխեք,
Ընկեր տըղեք,
Զոքանչ, աներ,
Քավոր, սանհեր,
Քեռի, փեսա...

 

Զրուցեց ՎԱՐԴուհի Սիմոնյանը

 


-