Գառնիի տաճարի վրա ռուս զբոսաշրջիկի գրառումը մաքրվել է

15:38 • 01.10.14

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի «Գառնի» տաճարի հարավային պատին յուղաներկով գրածը մաքրվել է:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայության ղեկավար Մարինե Ավանեսյանը՝ նշելով, որ ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մասնագետների խումբը նախնական ուսումնասիրություն էր կատարել, ընտրվել էին համապատասխան նյութերը, լուծույթները, որոնցով հնարավոր էր առանց հուշարձանին վնաս պատճառելու մաքրել գրառումը:


«Իրավախախտման փաստը վերացնելու և հուշարձանը նախնական տեսքի բերելու աշխատանքները սկսվել էին սեպտեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին և ավարտվել երեկ»,-ասաց Մարինե Ավանեսյանը:


Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն սեպտեմբերի 26-ին գրառում էր կատարել «Գառնի» տաճարի հարավային պատին, ինչը նկատել էր այցելուներից մեկն ու անմիջապես տեղեկացրել արգելոց-թանգարանի աշխատակիցներին: Նիկիտենկոն ավելի ուշ բացատրություն էր տվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներին: