Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել ակտիվիստներ Կայլաշ Սաթյարթհին և Մալալա Յուսուֆզայը

13:04 • 10.10.14

Խաղաղության Նոբելյան մրցանակին 2014-ին արժանացել են ակտիվիստներ ազգությամբ հնդիկ Կայլաշ Սաթյարթհին  և ազգությամբ պակիստանցի Մալալա Յուսուֆզայը, հայտնել է Շվեդական ակադեմիան։

 

2013թ. խաղաղության Նոբելյան մրցանակի էր արժանացել ՔԶԱԿ-ը (Քիմիական զենքն արգելող կազմակերպություն)։

 

2013-ին Յուսուֆզայն արդեն արժանացել է Սախարովի անվան մրցանակի։ Իր բլոգում նա քննադատել է «Թալիբան» շարժմանը և կողմ արտահայտվել կանանց՝ կրթություն ստանալու իրավունքին։
 

Սաթյարթհին հիմնել է Bachpan Bachao Andolan կազմակերպությունը, որն իր գործունեության գրեթե 15 տարիների ընթացքում տարբեր տեսակի ստրկություններից ազատել է ավելի քան 80.000 երեխայի, այնուհետ օգնել հաջողությամբ վերականգնվել և կրթություն ստանալ։

 

Նախորդ օրերին հայտնի են դարձել գրականության, քիմիայի, ֆիզիկայի և բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները։

 

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ֆրանսիացի հեղինակ Պատրիկ Մոդիանոն։

 

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել Էրիկ Բետսիգը, Ստեֆան Հելը և Ուիլյամ Մերները: Նրանք մրցանակի են արժանացել գերֆլուորեսցենտիկ մանրադիտակի մշակման համար: Այս մեթոդով կարելի է ուսումնասիրել կենսաբանական մոլեկուլների կառուցվածքը, ինչը կարևոր է նոր դեղամիջոցների ստեղծման առումով:



Հոկտեմբերի 7-ին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել Իսամու Ակասակին, Հիրոսի Ամանոն և Սյուձի Նակամուրան։ Գիտնականները ստեղծել են էժան կապույտ լուսադիոդային լամպեր (հայտնի՝ կապույտ LED):



Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել ամուսիններ Մայբրիտ և Էդվարդ Մոզերները, ինչպես նաև Ջոն Օ՛Կիֆին։


Պարգևատրման արարողությունը, ըստ ավանդույթի, կանցկացվի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադրի՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):

 

Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել ակտիվիստներ Կայլաշ Սաթյարթհին և Մալալա Յուսուֆզայը