«Պոլիտեխնիկի» սեքս սկանդալը շարունակությունն է հին ձեռագրի. ըստ դասախոսի՝ պատճառը Թոքմաջյանի բարեփոխումներ էին

18:49 • 30.10.14

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ կապված «սեքս սկանդալը», որպես այդպիսին, միակը չէ, նախորդ ռեկտորին ևս տեղեկատվական ինչ-ինչ տեխնոլոգիաների միջոցով ինչ-որ պատմության մեջ ներքաշելու փորձ արվել էր, պարզապես այն հնչեղությունը չստացավ ու մամուլից գրեթե աննկատ մնաց: Նաև փորձ է արվել նույն բուհի Հաշվիչ տեխնիկայի ամբիոնի վարիչին ներքաշել ասեկոսեների մեջ՝ նրա անունից գրություն տարածելով:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը։


«Ամբողջ Պոլիտեխնիկը՝ բոլոր մարդիկ, որ ինչ-որ ձևով կապված են պարոն Թոքմաջյանի հետ, վերջին ժամանակներում ապրումների մեջ են, որովհետև փորձ է կատարվել խաղալ ոչ միայն այդ մարդու անվան հետ, այլ նաև Պոլիտեխիկի հետ, քանի որ նրա անունը «կպնում է» հենց բուհին ու անվանարկվում է Պոլիտեխնիկը: Ըստ որում, սա անողների համար նշանակություն չի ունեցել. Թոքմաջյանի տեղը մի ուրիշը լիներ, նրան պետք է սևացնեին, որպեսզի իրենք գային, կառավարեին: Ու Թոքմաջյանը երբ եկավ ռեկտոր, կատարեց որոշակի բարեփոխումներ, որոնք դուր չեկան այդ մարդկանց»,–ասաց նա։


Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի վարույթում է գտնվում Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու գործը, որի հիմնական սկանդալն այն է, որ, իբր Թոքմաջյանն ու իր սիրուհին, ով նույն բուհի դասախոս է, անպարկեշտ համակարգչային գրագրություն են անում ու նաև վիրավորական արտահայտություններ են անում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հասցեին:

 


Ըստ բուհի դասախոսի, նման «ոչ դուրեկան» հանգամանքներից, օրինակ, կարող էր լինել այն, որ նախկինում ինչ-որ տարածքներ վարձակալության էին հանձնված, Թոքմաջյանի օրոք հետ են վերադարձվել, և նման բաները «անձամբ կպնում էին որոշ մարդկանց շահերին»:


Հիշեցնենք նաև , որ ըստ Aravot.am-ի Ոստիկանության և քննչական կոմիտեի կողմից խուզարկություն է կատարվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանի և նրա տեղակալ Վահե Կիրակոսյանի բնակարաններում՝ պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու և այնտեղից վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելու գործով:



Ի պատասխան հարցի, թե վերջիններիս ու Հովհաննես Թոքմաջյանի լարված հարաբերություններն ի՞նչ նախապատմություն ունեն, և արդյոք նրանք և՞ս հավակնել են ռեկտորի պաշտոնին, Արա Ավետիսյանի հեռանալուց հետո, Մհեր Մարկոսյանն ասաց. «Հենց իրենք ոչ: Բայց նրանց հովանավորողը՝այո, հավակնել է, որովհետև նույն ձևի սխալ տեղեկատվություն էր գնում նախորդ ռեկտորի հետ կապված: Այսինքն՝ անընդհատ Պոլիտեխնիկը պահել են լարված վիճակում»:


Ըստ Մհեր Մարկոսյանի՝ «այդ երիտասարդները թույլ են տվել մի սխալ ևս», այն, որ ասուլիս են հրավիրել ու իրենց ասելով՝ դիմել են դատախազություն:


«Իբր պ-ն Թոքմաջյանը կազմակերպել է իրենց սենյակներ մտնելը, մինչդեռ սենյակ մտել է ռեկտորի օգնականը՝ պահակների հետ միասին՝ միացված էլեկտրական սարքերը անջատելու համար: Իրենց արածը առնվազն երեխայություն էր: Ռուսը լավ խոսք ունի «На воре шапка горит»,-ասաց դասախոսը:


Հստակեցնելով սկանդալը հարուցող անձանց շրջանակը՝ Մհեր Մարկոսյանն առանց որևէ անուն նշելու ավելացրեց, որ երևի նրանք բուհի ներսում ունեն ավելի ազդեցիկ մեկին, որը փորձում է ամեն ինչ կազմակերպել, որ դաշտում մնա միայն ինքը: Նաև չբացառեց, որ որոշ ուսանողներ էլ կարող էին խառնված լինել գործին:


«Ես չեմ կարող ասել՝ ինչ մարդիկ, կան որոշ հիմնավոր կասկածներ, ենթադրություններ: Համենայնդեպս, այն մարդիկ, որոնք ունեն հասանելիություն՝ «դոստուպ» ինֆորմացիոն ծառայությանը, տվյալներին և գաղտնաբառերին (դրանց կոտրելուն), փորձել են անվանարկել: Ընդ որում, երկու հարված են հասցրել՝ մեկը մարդու բարոյական կերպարին, մյուսը՝ քաղաքական (Արմեն Աշոտյանի մասով)։ Բայց երկուսն էլ, եթե խելոք լինեին, կամ ուրիշ մարդկանց կընտրեին կամ մի քիչ ուրիշ տեսակ կանեին: Բարոյականի հետ կապված իրենք էնպիսի մարդու են ներքաշել, որին մենք ճանաչում ենք, օրինակ՝ Թոքմաջյանը իմ մանկության ընկերն է, ու էդ մարդու անունը կապում են մի կնոջ հետ, ով մեր երրորդ մանկական ընկերոջ աղջիկն է: Ու էդ աղջիկը եղել է մեր աղջիկը: Այսինքն ՝սխալ հասցե... նրա երեխաների քավորը: Այսինքն՝ մի շիլաշփոթ են սարքել, որ փորձեն և՛ Թոքմաջյանին կպնեն, և՛ ընկերներին խառնեն իրար, և՛… ինչը չէր կարող լինել ճիշտ»,–ասաց նա։

 

Մհեր Մարկոսյանը պատմեց նաև, որ ժամանակին Թոքմաջյանին առաջարկել է փոխել տեղեկատվական անվտանգության ողջ համակարգը և դրա պատասխանատուներին, սակայն, Թոքմաջյանը, ըստ նրա, լինելով վեհանձն մարդ, ասել է՝ «տենց չի լինի, ոչ մեկին չեմ փոխելու, բոլորի հետ աշխատելու ենք»:

 

«Բայց հիմա կյանքը ցույց տվեց, որ ճիշտը ոչ թե Թոքմաջյանն է եղել, այլ Մարկոսյանը»,–ասաց մեր զրուցակիցը: