Հայ որբերի գորգը ցուցադրության է հանվել Սպիտակ տան այցելությունների սրահում
Սպիտակ տան այցելությունների սրահում երեքշաբթի ցուցադրության է հանվել Գազիրի որբանոցի հայ աղջիկների գործած գորգը, որը հայտնի է որպես «Հայ որբերի գորգ»:
Ինչպես գրում է Asbarez-ը` «Հայոց որբերի գորգի» երկար սպասված ցուցադրությունը կտևի մեկ շաբաթ: Ցուցադրությունը բացվել է Կոնգրեսի մամլո ասուլիսով, որն անցկացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դևիդ Վալադոն:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այցելել է գորգի ցուցադրությանը՝ նախքան ասուլիսը և հետևյալ հայտարարությունն արել.
«Հայոց որբերի գորգի այսօրվա ցուցադրությունը Սպիտակ տանը վկայում է ամերիկացի ժողովրդի մեծահոգության մասին, ում աննախադեպ մարդասիրական օգնությունը փրկել է Հայոց ցեղասպանության հարյուր-հազարավոր վերապրածների, այդ թվում՝ հայոց որբերին, ովքեր ստեղծել են արվեստի այս եզակի գործը:
Ցավոք, ցուցադրության նկարագրության մեջ խուսափողական բառերի օգնությամբ արվեստի և պատմության կարևոր այս աշխատանքը զրկվում է իր բարոյական և պատմական իմաստից: Այն զրկում է նաև այցելուներին՝ Հայոց ցեղասպանության մասին տեղեկանալու և ապագայում նմանատիպ վայրագությունները կանխելու հնարավորությունից»:
Հիշեցնենք, որ Հայոց որբերի գորգի հնարավոր ցուցադրության մասին տեղեկություն էր տարածվել հոկտեմբերին:











