System of a Down-ն ապրիլի 23-ին համերգ կտա Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
System of a Down աշխարհահռչակ խումբը հաջորդ տարի ապրիլի 23-ին համերգ կտա Երևանում՝ Հանրապետության հրապարակում:
Այս մասին հայտնի է դարձել վերամիավորված խմբի տարածած հայտարարությունից, որը տարածված է նրանց կայքում, ֆեյսբուքյան էջում:
Համերգը տեղի կունենա խմբի Wake Up the Souls համերգային շրջագայության շրջանակներում, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը: Շրջագայութունը սկսվելու է ապրիլի 10-ին Լոնդոնում: Ապա շարունակվելու է Քյոլնում, Լիոնում, Բրյուսելում, Ամստերդամում, եզրափակվելու է Երևանում:
System-ի տղաները պարզաբանում են, որ իրենք միշտ են ոգեկոչել զոհերին՝ «հիշել հոգիներին», դրանից էլ՝ շրջագայության անվանումը՝ Wake Up the Souls (բառացի՝ «արթնացրու հոգիներին»):
Համերգի ծանուցման մեջ Սերժ Թանկյանը և խմբի տղաները նշում են, որ կարևորում են արդարությունը: Թանկյանը նշում է, որ հարյուրամյա տարելիցը մեծ կարևորությունը ունի. նա պատկերավոր ասում է, որ հարյուր տարի առաջ ինչ-որ մարդիկ սպանել են իր ընտանիքի անդամներին, հրկիզել իր տունը, և հարյուր տարի է մենք նրանց հետևից ենք ընկել, որպեսզի շրջվեն ու ասեն՝ դե, ներողություն: Նա հաջորդիվ պարզաբանում է, որ այդ ամենը պետք է արվի «մեղսագրումով, դատարանների ներգրավմամբ, ինչպես հարկն է»:
System-ը խնդրում է այդ օրերին իրեն միանալ՝ հանուն արդարության:










