Գ. Նուշիկյանը լսել է ԵՏՄ տարածքում միայն մեկ օծանելիքի՝ «Чистая линия»-ի մասին, եթե որակը համապատասխանի, կներկրի

17:18 • 03.12.14

Tert.am-ը զրուցել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, օծանելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Բուրմունք» ցանցի սեփականատեր Գարեգին Նուշիկյանի հետ, թե ո՞ր երկրների արտադրության ապրանքատեսակներով է լրացվելու Հայաստանի օծանելիքի և պարֆյումերիային շուկան: Հիշեցնենք, որ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը կոչ է անում 2015թ. նախապատվություն տալ տեղական արտադրության ապրանքներին, որի տակ այլևս կարելի է հասկանալ Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրվող ապրանքներըը։ Հավանական թանկացող ապրանքների թվում էր նաև օծանելիքը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե հայ կանայք վերստին «Тройной одеколон» են օգտագործելո՞ւ կամ «վարունգի դուխի»:


-Պարո՛ն Նուշիկյան, կա՞ն կանխատեսումներ, թե ֆրանսիական և այլ եվրոպական արտադրության հայտնի բրենդերի օծանելիքը Հայաստանում որքա՞ն է թանկանալու, ինչպե՞ս է լրացվելու, արդյո՞ք ինչ-որ բրենդեր մեզանում ուղղակի չեն վերանա, կամ՝ եզակի նմուշներով կլինեն: Հարցը Ձեզ ուղղում եմ որպես ոլորտի մարդու և «Հանրապետական» խմբակցության ներկայացուցչի:


-Նախ, ուզում եմ որոշակի պարզաբանում տալ. Սուրեն Կարայանը թվարկեց ոչ թե թանկացող ապրանքների որոշակի ցանկ, այլ այն ապրանքատեսակները, որոնց նկատմամբ մաքսատուրքեր են լինելու, որոնք չկան: Դա բացարձակ չի նշանակում, որ այդ ապրանքները անպայման պետք է թանկանան:


-Բայց ինչպե՞ս, եթե մի բանի վրա մաքսատուրք է ավելանում, ինչպե՞ս կարող է չթանկանալ:


-Որովհետև տարբեր մոտեցումներ կան, և կոնկրետ մեր կազմակերպությունը բանակցություններ է վարում մատակարարների՝ առաքող կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ «Շանել»-ի հետ, որպեսզի մաքսատուրքերի կեսը ընկերությունը վերցնի իր վրա, մյուս կեսը՝ «Նուշիկյան ասոցիացիան», որպեսզի ապրանքը չթանկանա: Եվ մենք նմանատիպ բանակցություններ վարում ենք բոլոր ֆիրմաների հետ: Բանակցություններ են ընթանում, կան ընկերություններ, որոնք արդեն իսկ համաձայնություն տվել են, կան, որ դեռևս բանակցում ենք:


-Այսուհանդերձ, օծանելիքը կլինի նույն տեսականիով, նույն ծավալով, ինչ նախկինո՞ւմ: Այսինքն՝ համաշխարհային բուրմունքների ամենավերջին նմուշնե՞րը, թե՞ այն ապրանքների, որոնցից միգուցե ազատվելու խնդիր ունեն:


-Նման բան չկա,նախ, պատվերները տալիս և ձևավորում է Հայաստանում գտնվող կազմակերպությունը, ոչ թե առաքողը տվյալ պարագայում: Եվ խնդիր չկա ինչ-որ ապրանքներից ազատվելու, և եթե իրենք իրենց վրա վերցնում են որոշակի մաքսատուրքի 50 տոկոսը, դա վերաբերում է բոլոր ապրանքատեսակներին: Եվ մենք աշխատելու ենք նույն տեսականիով, եթե ոչ ավելի շատ: Ու ապրանքը, ամենայն հավանականությամբ, չի թանկանալու, իհարկե, եթե եվրոյի, դոլարի կուրսը դրամային արտահայտությամբ շատ չբարձրանա:


-Հնարավո՞ր է, որ տեսականու մեջ ԵՏՄ անդամ երկրներից թարմացումներ լինեն՝ Բելառուսում, Ղազախստանում արտադրվող օծանելիքներից:


-Որքանով տեղյակ եմ՝ իրենք արտադրող ընկերություններ չեն, և ԵՏՄ անդամ երկրներից միայն Ռուսաստանն է զբաղվում օծանելիքի արտադրությամբ: Ինչո՞ւ ոչ, չի բացառվում, եթե լավ որակ ունի, ինչո՞ւ ոչ:


-Դուք գիտե՞ք լավ որակի ռուսական արտադրության օծանելիք, պարֆյում:


-Ճիշտն ասած՝ ինչ-որ «Чистая линия»՝ «Մաքուր գիծ», ինչ-որ տենց մի բան աչքովս ընկել է: