Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում կտեղադրվի Կոմիտաս արձանը

17:06 • 08.12.14

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է անվանի քանդակագործ Լևոն Բեյբությանի արվեստանոց, որտեղ ծանոթացել է Կոմիտաս Վարդապետի արձանի կերտման աշխատանքներին:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 


Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան - Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում իրականացվող քանդակի աշխատանքները ներկայացնելով՝ Լևոն Բեյբությանը նշել է, որ բնական քարից երեքմետրանոց արձանը 2015 թվականի ամռանը՝ Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ, նախատեսվում է տեղադրել Վասիլեօստրովսկի  վարչական շրջանի կենտրոնական պուրակում, որն առաջիկայում անվանակոչվելու է Երևանյան պուրակ:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ ապագա Երևանյան պուրակում մեծն Կոմիտաս Վարդապետի արձանի տեղադրումը, որտեղ այժմ առկա է նաև հայկական խաչքարը, յուրովի խթան կհանդիսանա պուրակը տեղի հայության համար ինքնատիպ ուխտատեղիի վերածելու համար:
 

Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում կտեղադրվի Կոմիտաս արձանը