Սիրելի Հրանտ եղբորս ցավը պատճառ դարձավ, որ ես գրեմ այս գիրքը. Ջեմալ Փաշայի թոռը՝ Հայոց ցեղասպանության մասին

18:36 • 11.12.14

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ այսօր Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպեց հանդիպում, որի ընթացքում թուրք գրողը ներկայացրեց  Հայոց ցեղասպանության մասին իր «1915-Հայոց ցեղասպանություն» գիրքը: 


Լրագրող, գրող, հրապարակախոս, տասներկու գրքերի հեղինակ Հասան Ջեմալը նախ ընդգծեց, որ իրեն Հայաստան է բերել իր սիրելի Հրանտ Դինքի ցավը և նրա ցավերը, որոնցից գլխավորը Ցեղասպանության ցավն է:


«Սիրելի Հրանտ եղբորս ցավը պատճառ դարձավ, որ ես գրեմ այս գիրքը: Սիրելի եղբայրս կյանքով վճարեց, նա մահացու հարված հասցրեց քարացած տաբուներին: Նա կարողացավ Ցեղասպանության ցավը մեկ անգամ ևս զգացնել տալ մեզ: Նա օգնեց հասկանալ այդ ցավերը և կիսել: Նա ազատ արձակեց իմ գերի ընկած միտքը և մեկ անգամ ևս օգնեց ըմբռնել, որ ցանկացած տեսակի ազգայնամոլություն խաղաղության խախտում է»,-ասաց հեղինակը:


Նրա խոսքով՝ մարդկության ամենամեծ սխալներից է պատմությունից վախենալը, այդպիսի ծիծաղելի վախը շատ տարածված է իր երկրում՝ Թուրքիայում:

 

«Եկեք պատմության պատճառով չթշնամանանք միմյանց հետ: Պատմությունն էլ, կյանքն էլ ժամանակ առ ժամանակ շատ դաժան են:  Հրանտ եղբայրս մի մոմ վառեց, հիմա հերթը մերն է, պետք է չկառչենք մահերից և կառչենք կյանքից,-ասաց նա,-ես եկել եմ այստեղ՝ կիսելու Ցեղասպանության պատճառով ձեր կրած ցավերը»:


Թուրք գրողի հետ զրույցը վարեց Ցեղասպանություն վերապրած սերնդի ժառանգորդ, Կանադայից Հայաստան մշտական բնակության եկած Մարիա Թիթիզյանը:

 

«Շատ հոդվածներում դուք խոսում եք, որ հնարավոր չէ փախչել պատմությունից: Մենք այդ հիշողության դերը շատ լավ հասկացել ենք: Ես ծնվել եմ Բեյրութում, մեծացել, կրթություն ստացել Կանադայում և որքան ես մեծ սեր ունեմ այս պուճուր Հանրապետության նկատմամբ, բայց և այնպես, ես ինձ զգում եմ անհայրենիք: Ինչքան կցանկանամ պատկանել այս հայրենիքին, չեմ կարող,-ասաց նա և հարց ուղղեց բանախոսին,-այս գեղեցիկ գիրքը շատ հանդուգն քայլ էր Ձեր կողմից: Ի՞նչը Ձեզ բերեց ու հասցրեց այս գրքին»:


Ի պատասխան՝ հեղինակը նշեց, որ  առանց այդ ցավը գիտակցելու, հնարավոր չէ նորմալ պատմություն կերտել. «Իմ ընտանեկան պատմությունը մի կողմ թողնենք, Ջեմալ Փաշային էլ մի կողմ թողնենք. ես գրեցի այս գիրքը, քանի որ, որպես մտածող մարդ, ես սկսեցի Օսմանյան կայսրության պատմությունը դնել կասկածանքի տակ: Ես ունեի կասկածներ և հասկացա, որ դա կեղծ պատմություն է: Երբ հարց տաք, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը, ես կասեմ, որ դրա հիմքում կա թուրքական ազգայնամոլություն: Ես պարտք ունեմ Հրանտին, և սա այդ պարտքն է: Իր հիշողությանը տեր եմ կանգնում, որովհետև թուրքերի և հայերի միջև երկխոսության ալիքները պետք է բացվեն: Դրանում ես ևս պետք է ներկայացված լինեմ, և դա իմ պարտքն է»:


Հասան Ջեմալը նաև ասաց, որ այնքան պատեր կան հայերի և թուրքերի միջև, և այդ բոլոր պատերը պետք է վերացնել. «Պատճառներ կան, որ ստեղծվել են այս ցավերը: Մենք այսօր պետք է փորձենք մեր ուղեղում այս պատերը ոչնչացնենք: Այս տիպի ծրագրերը կշատանան, և պետության վրա էլ ազդեցություն կունենան»:


Հարց հնչեց նաև, թե ինչ ակնկալիք կարելի է ունենալ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ինչին Հասան Ջեմալը պատասխանեց. «Չորս ու կես ամիս է մնացել: Չգիտեմ, թե Թուրքիայի պետությունն ինչ կանի: Հիմա ես էլ եմ հեռու քաշված և ուզում եմ հեռվից նայել այդ պետական շրջանակներին: Այն ցավակցական ուղերձը, որ անցած տարի Էրդողանը հնչեցրեց, ես ասացի, որ կարևորում եմ այդ հայտարարությունը, դա առաջինն էր Թուրքիայի պատմության մեջ: Բայց ես դեռ զգում եմ, որ գենետիկական ազգայնականությունը դեռևս դուրս չի եկել նրանց միջից: Ես այնքան էլ լավատես չեմ տարելիցին ընդառաջ»: