ԵՏՄ-ի կազմում Հայաստանը 2015թ-ի վերջին կարձանագրի տնտեսական աճ. Արամ Սաֆարյան
«Ինտեգրում և զարգացում» կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանի կարծիքով՝ պետք չէ ցույց տալ, թե Հայաստանի ժողովուրդը տխրել է այն հանգամանքից, որ Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին։
«Ես ձեզ ասեմ, որ չի տխրել և ես հիմնավոր պատճառներ ունեմ պնդելու, որ Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ամենահամեստ հաշվարկներով, 67% և, ամենալավատեսական հաշվարկներով, բնակչության 82%-ով պաշտպանում է ԵՏՄ մտնելու Հայաստանի որոշումը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Սաֆարյանը բերեց նույնիսկ օրինակ, թե ինչո՞վ է պայմանավորված հասարակության հիմնական մասի նման խանդավառությունը. «Որովհետև մի քանի սկզբունքային հարցերում մեզ համար աննախադեպ արտոնություններ են սահմանվում և դրանցից առաջինը, որը ես կընդգծեի, մեր ելքն է Ռուսաստանի նաև նրա դաշնակիցների հումքառեսուրսային բազաների վրա, որը միանգամից նպաստավոր է դարձնում մեզ մոտ արտադրությունների զարգացումը, նաև ընդհանուր հումքի վերամշակման վրա»։
Ըստ Սաֆարյանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը մեծ առումով դրական ազդեցություն կթողնի նաև ժողովրդագրական խնդրի վրա։ «Տեսեք, տարեկան 225 000 ՀՀ քաղաքացիներ վերջին տարիների հաշվարկներով վաղ գարնանը մեկնում են Ռուսաստան և վերադառնում էին նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին, այնտեղ 270 օր մնալու իրավունքի շրջանակներում։ Հիմա ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում, Բելառուսում և Ղազախստանում աշխատանքի հնարավորություն են ստացել այս երկրների քաղաքացիներին հավասար իրավունքներով, ոչ ավել, ոչ պակաս, և ոչ միայն աշխատելու առանց պատենտների, առանց սահմանափակումների ու դժվարությունների, այլ նաև օգտվելու սոցիալական փաթեթներից, օգտվելու երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանելու իրավունքներից, օգտվելու առաջնային բուժօգնության իրավունքներից»,-ասաց նա։
Հարցին, թե դա չի՞ խթանի արդյոք բնակիչների՝ առանց այդ էլ մեծ արտահոսքին, Արամ Սաֆարյանը բացատրեց, թե ընդհակառակը. «Սրանք պատճառներ են, որոնց պատճառով ՀՀ քաղաքացիները վերջին տարիներին դիմում էին գրում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Դիմեք Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, դիմեք Ոստիկանությանը և նրանք ձեզ կտեղեկացնեն, որ ինչքան շատ են եղել նման դիմումները։ Համոզված եմ, որ այս որոշումից հետո այդ մարդիկ այդ քայլին չեն գնալու, որովհետև այդ մարդիկ իրենց գրպանում ունենալով ՀՀ անձնագիրը, նրանք իրենց բոլոր իրավունքներով լինելու են ճիշտ այնպիսին,ինչպիսին որ այդ երկրների քաղաքացիներն են»։
Արամ Սաֆարյանն ասաց, որ կարող էր թվարկել ևս մի շարք դրական փոփոխություններ, բայց ներկայացնելով իրենց տնտեսական խմբի ընդհանուր գնահատականները՝ նշեց. «Չորս ամիս խումբն ուսումնասիրել է ՀՀ-ի տնտեսական օգուտների հնարավորությունը Եվրասիական ինտեգրացիայի գործընթացում։ Ես միանշանակ պնդում եմ, որ նույնիսկ մոտակա մեկ ամսվա ընթացքում տնտեսական աննպաստ զարգացումների պարագայում մենք որպես համեմատաբար փոքր տնտեսություն ԵՏՄ-ի մեջ 2015թ-ի վերջում արձանագրելու ենք տնտեսական աճ։ Աստված բոլորիս երկար կյանք տա և առողջություն և մենք 15-ի վերջում կհանդիպենք ձեզ հետ և կստուգենք՝ Արամ Սաֆարյանը ճի՞շտ ասաց, թե՞ ոչ»,-նշեց նա։
Անդրադառնալով հասարակության՝ իր նշած այն փոքր մասին, որը դեմ է ԵՏՄ անդամակցությանը և պնդում է, թե սրանով հիմք է դրվում Սովետական կայսրության ստեղծմանը, Արամ Սաֆարյանը պատասխանեց. «Վլադիմիր Պուտինը մի առիթով ասել էր, որ ում սիրտը չի ցավում, որ Խորհրդային միությունը քանդվել է՝ սիրտ չունի, սակայն այն մարդը, որ լրջորեն մտածում է Խորհրդային միությունը վերականգնելու մասին՝ ուղեղ չունի։ Դա ես չեմ ասել, ցիտատը Վլադիմիր Պուտինից է։ Եվ ուրեմն, ես ձեզ ասում եմ, որ խորհրդային միության վերականգնումն անհնար է և դա երբեք չի կարող լինել, ինչպես երբեք չի կարող լինել ռուսական կայսրության վերականգնումը»։
Ըստ «Ինտեգրում և զարգացում» ՀԿ-ի նախագահի՝ այն տնտեսական կառույցը, որը ստեղծվում է, տարածաշրջանային մեգակառույց է, ճիշտ այնպիսի նախագիծ, ինչպիսին այլ տարածաշրջաններում ստեղված են։
«Ժամանակակից Ռուսաստանը ժամանակակից աշխարհի ՀՆԱ-ի 3,5-4 %-ն է արտադրում, և նա իր դաշնակիցների հետ համախմբվելով՝ ուզում է ավելի արագ զարգացնել և հեռու մնալ տնտեսական ցնցումներից։ Այս միության ամբողջ մեխը ռեսուրսների, մարդկանց, փողի մեկտեղումն է մեկ ընդհանուր շուկայի մեջ՝ ավելի լավ զարգանալու համար»,-ասաց նա։
Արամ Սաֆարյանն ընդգծեց, թե ինքը չի բացառում, որ մինչև տարվա վեջ Ղրղզստանը նույնպես ԵՏՄ-ին անդամակցության հայտ ներկայացնի։ «Անկախ նրանից Ղրղզստանը կդառնա, թե ոչ, անկախ նրանից, թե Ղրղզստանի հետ բանակցությունները հիմք կդառնան Տաջիկստանի հետ բանակցությունների համար, թե ոչ, ես կարծում եմ, որ անդամակցությունից հետո մենք մեր փոքր Հայաստանում, որը կազմում է այս մեծ մաքսային տարածքի ընդամենը 1,13-րդ մասը, մենք զգալու ենք այդ նոր իրավիճակի փոփոխությունները, ես դրանում ունեմ, ավելի քան ներքին համոզմունք»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որը դուրս է մնում այս գործընթացներից՝ Սաֆարյանը նշեց, թե ինքը լիովին համակարծիք է ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Զաքարյանի կողմից հնչեցրած այն մտքին, որ հույս ունի, որ ԵՏՄ գործընթացում նոր իրողությունները հնարավորություն կդարձնեն արդարացի, խաղաղության վրա հիմնված, առանց ուժի գործադրման սպառնալիքի այս հարցի քննարկումն ու լուծումը։
Արամ Սաֆարյանի համոզմամբ, նույնիսկ այն հանգամանքի պարագայում, երբ Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանին ակնհայտ դաշնակից Ղազախստանի շահերն իրար չեն համընկնում, ինքը համոզված է, որ Հայաստանի տեղը ԵՏՄ–ն է։
«Նույնիսկ այդ պարագայում, երբ Ղազախստանը Թուրքիայի դաշնակցին է և ջանքեր է գործադրում, որպեսզի ՌԴ-ն և Թուրքիան ունենան ավելի զարգացած, մասնավորապես ազատ առևտրի վրա հիմնված հարաբերություններ, նույնիսկ այդ պարագայում ես պնդում եմ, որ մեր տեղը ԵՏՄ-ի մեջ է, և որ մենք ունենալու ենք օգուտներ, որոնք հանդարտեցնելու և զարգացման հնարավորություն են տալու մեզ մեր տարածաշրջանում»,- եզրափակեց նա։










