Գազի գինը սահմանին դեռ նույնն է և ՀԾԿՀ դիմելու անհրաժեշտություն չկա. Շուշան Սարդարյան

10:44 • 17.12.14

«Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազի սակագնի վերանայման հայտով  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու անհրաժեշտություն  այս պահի դրությամբ չկա: Այս մասին Tert.am-ին ասաց ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:


«Գազի գինը սահմանին նույնն է՝  189 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց և իմ այս օրերին  ասածին որևէ բան լրացնելու  անհրաժեշտություն դեռ չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով՝ ներքին սպառման գազի սակագնի «ճշգրտման» հայտով:
 

Շուշան Սարդարյանի խոսքով՝ բնական գազի ներկայում գործող սակագնի հիմքում ընդունված է 416,5 դրամը, և տարվա միջին փաստացի ցուցանիշը դեռևս չի գերազանցում այն:

Ընկերության մամուլի խոսնակն ավելի ուշ կհայտնի, թե պայմանագրում ինչ է նախատեսված ֆորսմաժորային  իրավիճակների և արտարժույթի փոխարժեքի տատանումների դեպքում: