23 մարդ չի նստել մալայզիական անհետացած ինքնաթիռը՝ փրկվելով հնարավոր վթարից. նոր մանրամասներ
Քսաներեք ուղևոր, ովքեր տոմսեր էին ամրագրել անհետացած QZ8501 չվերթի համար, չեն ներկայացել գրանցմանը` այդպիսով փրկվելով հնարավոր աղետից:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Ինդոնեզիայից Սինգապուր թռչող մալայզիական Airbus A320 ինքնաթիռ չի նստել 8 կին, 11, տղամարդ և 3 երեխա:
Ընդհանուր առմամբ, Ճավայի ծովում անհետացած ինքնաթիռում եղել է 162 մարդ` անձնակազմը ներառյալ: Նշվում է, որ ուղևորների մեծ մասն Ինդոնեզիայի քաղաքացիներ են:
Ինչպես հավելի վաղ հայտնել է Tert.am-ը, մալայզիական Air Asia ավիաընկերության ինքնաթիռներից մեկը Սուրաբայ-Սինգապուր չվերթն իրականացնելու ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով կորցրել է կապը դիսպետչերների հետ և Սումատրայի արևելյան ափին մոտ գտնվող Բելիտունգ կղզու մոտակայքում ընկել է ծովը:
Հայտնի է, որ ինքնաթիռի առեղծվածային անհետացումից առաջ դրա անձնակազմը թույլտվություն է խնդրել ցամաքային օդակարգավարական ծառայությունից` շարժվելու ուրիշ ճանապարհով, ինչը նախապես ծրագրված չի եղել: Նման խնդրանքը պայմանավորված է եղել անբարենպաստ եղանակային պայմաններով` մասնավորապես ամպերի հաստ շերտով: Սակայն շրջանառվում է մեկ այլ վարկած, ըստ որի, մալայզիական ինքնաթիռը կործանվել է վառելիքի սպառման պատճառով:
Ներկայում իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ. ինքնաթիռի բեկորները դեռևս չեն հայտնաբերվել: Աղբյուրը հավելում է, որ հնարավոր ողբերգության առնչությամբ Ինդոնեզիայի կառավարությունն արդեն հետաքննություն է սկսել: Այդ հարցում նրան օգնում են Մալազիայի, Սինգապուրի և Ավստրալիայի իշխանությունները:
Միևնույն ժամանակ Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը հրաժարվել է պաշտոնապես հաստատել ինքնաթիռի կործանման լուրը:










