Չինաստանն արգելափակել է Gmail-ը

15:39 • 29.12.14

Google ընկերության Gmail ծառայությունն արգելափակվել է Չինաստանում, հաղորդում է The Guardian-ը:

 

Ըստ GreatFire.org-ի՝ Չինաստանում գործող խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող խմբի, Չինաստանում Gmail-ի մեծ քանակությամբ հասցեներ արգելափակվել են ուրբաթ օրը։ Օգտատերերի խոսքերով՝ ծառայությունը հասանելի չի եղել նաև երկուշաբթի օրը:

 

«Կարծում եմ՝ կառավարությունը պարզապես փորձում է է՛լ ավելի նվազեցնել Google-ի ներկայությունը Չինաստանում և անգամ թուլացնել արտասահմանում իր շուկան»,- ասել է խմբի անդամներից մեկը, ով կեղծանունով է հանդես գալիս:

 

Gmail-ի խափանումը կարող է դժվարացնել էլեկտրոնային հաղորդակցությունը Չինաստանում գործող ընկերությունների համար, որոնք օգտագործում են Google-ի Gmail-ն իրենց կորպորատիվ նամակների համակարգի համար, ասել է GreatFire-ը:

 

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունին նշել է, որ նա տեղյակ չէ Gmail-ի արգելափակման մասին՝ հավելելով, որ կառավարությունն աշխատում է օտարերկրացի ներդրողների համար լավ բիզնես միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Չինաստանն արգելափակել է Gmail-ը