Կղզում, որի շուրջ փնտրում են AirAsia-ի ինքնաթիռը, պայթյուն հիշեցնող ձայներ են լսվել. ԶԼՄ-ներ

11:33 • 29.12.14

Ինդոնեզական Բելիտունգ կղզու բնակիչները պնդում են, որ պայթյուն հիշեցնող ձայներ են լսել մոտավորապես այն ժամանակ, երբ դիսպետչերները կորցրել են կապն AirAsia ավիաընկերության ինքնաթիռի հետ:

 

Ինչպես նշում է itar-tass.com-ը՝ Post Belitung-ին հղումով, ծովում գտնվող մի ձկնորս պայթյունի բարձր ձայն է լսել կղզու արևելյան ափի մոտ:

 

Ինդոնեզիայի որոնողա-փրկարարական ազգային գործակալության ղեկավար Բամբանգ Սոելիստիոն տեղեկացրել է, որ հիմնվելով ստացված համակարգման տվյալների, ինչպես նաև մասնագետների գնահատականների վրա՝ ենթադրվում է, որ ինքնաթիռը գտնվում է ծովի հատակին:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ AirAsia ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 155 մարդ, անհետացել է դեկտեմբերի 28-ին` Ինդոնեզիայից Սինգապուր թռչելու ճանապարհին:

 

Երկինք բարձրանալուց 40 րոպե անց այն կորցրել է կապը ցամաքի հետ: Ենթադրվում է, որ այն կործանվել է եղանակային անբարենպաստ պայմանների կամ վառելիքի սպառման պատճառով: