Ձմեռ պապն իրականում հոգևորական է եղել. Qahana.am

18:11 • 01.01.15


Ձմեռ պապիկը, կամ ինչպես արևմուտքում ասում են Սանտա Կլաուսը, իրականում հոգևորական է եղել: Նա Ս. Նիկողայոս Հայրապետն էր. գրում է Qahana.am-ը:

 

Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն և չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դնում: Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից: «Սանտա Կլաուս» թարգմանաբար Սուրբ Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են որպես պարգև Աստծուց:


Հայ ժողովուրդի մեջ ընդունված է Ամանորը կոչել նաև Կաղանդ: Այն նշանակում է որևէ տոն նշելու կոչ, հրավեր: Հետագայում կաղանդը Հայաստանում ստացել է տարեմուտի իմաստը:


Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար: Օր, երբ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը:


Սբ Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից է: Իր թե՛ նշանակությամբ, էությամբ, թե՛ խորհրդով Ամանորը զիջում է Սբ Ծննդյանը: Ամանորն ինքնին օրացուցային փոփոխման երևույթ է, և իր մեջ որևէ խորհուրդ չունի: Իսկ Սբ Ծնունդն ամբողջությամբ Խորին Խորհուրդ է` Աստծո Որդու Ծնունդը, որը մարդկության համար դառնում է նոր և անվերջանալի սկիզբ:


Իզուր չէ, որ շուրջ 2000 տարի մարդկությունն իր տոմարական բոլոր հաշվարկները կապում է Քրիստոսի Ծնունդով` նախքան Քրիստոս և Քրիստոսի Ծնունդից հետո:


Սբ Ծննդյանը նախորդում է պահք, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի Ս. Պատարագով: Այս շրջանում բացառվում է կենդանական սնունդ:


Հոգևորականները հորդորում են Ամանորը դիմավորել եկեղեցում, խորհել հոգևոր վիճակի մասին և ստանալ Աստծո օրհնությունը: