Հայաստանն այսօրվանից ԵՏՄ-ի լիիրավ անդամ է

10:36 • 02.01.15

Հայաստանն այսօրվանից միանում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միությանն անդամակցելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2014-ի հոկտեմբերի 10-ին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Հայաստանը հունվարի 2-ից դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ, սակայն ԵՏՄ-ի գործադիր մարմիններում կներկայանա փոքր կազմով` մինչ նրանց լիազորությունների ավարտը:

 

Մինչ 2015-ի ավարտը, քանի դեռ չի ավարտվի նրանց լիազորությունների ժամկետը, Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայում կներկայանա 3 անդամով, որոնք կունենան մեկ ձայն:

 

ԵՏՄ-ի տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բաշխման գործընթացում Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1.13%: Միաժամանակ Բելառուսի բաժինը կկրճատվի` 4.7%-ից մինչև 4.65%, Ղազախստանինը` 7,3%-ից մինչև 7,25%, Ռուսաստանինը` 88%-ից մինչև 86,97%:

 

Ծառայությունների ոլորտում Հայաստանը ԵՏՄ անդամների պայմանավորվածություններին կմիանա ընդհանուր հիմունքներով, իսկ առևտրի ոլորտում նախատեսված է աստիճանական անցում ԵՏՄ-ի միասնական մաքսային սակագնին (մինչ 2022թ.):

 

Մինչ 2022թ. Հայաստանը կկարողանա կիրառել ԵՏՄ-ի դրույքներից տարբեր մաքսատուրքեր մի շարք ապրանքների համար, այդ թվում` մսի և մսամթերքի: Մինչ 2020թ. հանրապետության համար կգործի առանձին սակագին որոշ կաթնամթերքի, ձվի, մեղրի, իսկ մինչ 2019-ը` մրգերի որոշ տեսակների համար:

 

Բացի այդ, Հայաստանը մինչ 2018-ը զրոյական մաքսատուրքեր կկիրառի բենզինի համար, իսկ միասնական մաքսային սակագնին անցում կկատարի 2020-ին: Նույն սկզբունքով կկարգավորվի նաև մաքսատուրքն օրգանական և ոչ օրգանական քիմիայի, դեղորայքային արտադրանքի, ներկերի, կենցաղային քիմիայի, կաշվի և այլ նմանատիպ արտադրանքների համար:

 

ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ Հայաստանը բանակցություններ կսկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ` իր պարտավորությունների փոփոխության վերաբերյալ: