Ֆրանսիայում 717 հրեական դպրոցի անվտանգության համար հատկացվել է մոտ 5 հազար ոստիկան

14:38 • 12.01.15

Ֆրանսիայում 717 հրեական դպրոցի անվտանգության համար հատկացվել է 4.700 ոստիկան: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը, հաղորդում է ТАСС-ը:

 

Ներքին գործերի նախարարն առավոտյան այցելել է Փարիզի այն թաղամասեր, որտեղ ապրում է քաղաքի հրեական համայնքը:

 

Հունվարի 9-ին 32-ամյա իսլամիստ Ամեդի Կուլիբալին պատանդներ էր վերցրել Փարիզի կենտրոնում Վենսենի դարպասների մոտ գտնվող հրեական խանութներից մեկում: Հատուկ նշանակության ջոկատի գործողությունների հետևանքով նա ոչնչացվել է: Ահաբեկչի զոհ է դարձել չորս մարդ:

 

Ավելի վաղ հունվարի 7-ին զինված հարձակում է իրականացվել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա, որի հետևանքով սպանվել է 12 մարդ՝ տասը լրագրող և երկու ոստիկան, ևս 11 հոգի ստացել է վնասվածքներ: