Ապրիլի 24-ին Թուրքիան կնշի Չանաքքալեի ճակատամարտում հաղթելու 100-րդ տարին. կհրավիրվեն մի շարք պետությունների ղեկավարներ
Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտարարել է, որ 2015 թվականի ապրիլի 24-ին թուրքական պետությունը մեծ շուքով նշելու է Չանաքքալեի ճակատամարտում հաղթելու 100-րդ տարին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Էրդողանն ընդգծել է, որ այդ օրը Թուրքիա կհրավիրվեն մի շարք պետությունների ղեկավարներ: Հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը խորհրդանշող օրը թուրքական պետությունում Չանաքքալեի հաղթանակը նշելու մասին լուրը մեծ բավականություն է պատճառել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին, ով Թուրքիայի Նախագահի հետ ասուլիսին հայտարարել է. «Շնորհակալ եմ Ձեզ այդ տարեթիվը ընտրելու համար: Դա շատ իմաստուն քայլ է»:
Հետաքրքրական է, որ Չանաքքալեի ճակատամարտը տեղի է ունեցել 1915 թվականի ոչ թե ապրիլին, այլ մարտին: «Արմենպրես»-ը նշում է, որ ակնհայտ է, որ այս հայտարարությամբ Էրդողանը պատասխանեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան գալու և Հայոց Մեծ եղեռնի հիշատակի արարողություններին մասնակցելու հրավերին` անուղղակիորեն մերժելով այն:
Չանաքքալեի ճակատամարտ տեղի է ունցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1915 թվականի մարտի 18-ին, երբ թուրքերը թույլ չտվեցին Անտանտի երկրներին պատկանող նավերին մտնել Դարդանելի նեղուց (նեղուցի թուրքական անվանումը Չանաքքալե է):
Այս օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն երբեք չի նշվել ապրիլին:










