Վ. Պուտինը Ս. Սարգսյանի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Գյումրու ողբերգության մեղավորները կպատժվեն

18:29 • 18.01.15

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի զանգահարել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Գյումրու ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտնում է Interfax-ը: 

Ըստ աղբյուրի՝ Պուտինը Սարգսյանին խոստացել է պատժել Գյումրու ողբերգության մեղավորներին և ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, ինչպես նաև ամբողջ հայ ժողովրդին: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հետևյալն է փոխանցել. «Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կատարվելու են ամենասեղմ ժամկետներում, իսկ մեղավորները օրենքով նախատեսված պատիժ են կրելու»: 

Պեսկովի խոսքով՝ Պուտինը նաև հույս է հայտնել, որ Գյումրի ժամանած ռուսաստանցի բժիշկները ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին կցուցաբերեն անհրաժեշտ բարձրակարգ օգնություն: