«Իսլամական պետության» գրոհայինները 200 մլն դոլար են պահանջել ճապոնացի պատանդների համար

11:24 • 20.01.15

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները պահանջել են 72 ժամվա ընթացքում իրենց տրամադրել 200 միլիոն դոլար՝ ճապոնացի 2 պատանդների համար, հաղորդում է lenta.ru-ն:

 

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այդ մասին ասված է համացանցում տեղադրված տեսանյութում:

 

Տեսանյութում երևում են ահաբեկիչը և նարնջագույն հագուստով երկու պատանդներ: Ենթադրաբար դա Կենձի Գոտո Յոգոն է և Հարունա Յուկավան:

 

Դիմելով ճապոնական իշխանություններին՝ գրոհայինը հայտարարում է. «Դուք հպարտությամբ 100 միլիոն դոլար տվեցիք, որպեսզի սպանեք մեր կանանց և երեխաներին, որպեսզի ավերեք մուսուլմանների տները: Վճարե՛ք 200 միլիոն դոլար այդ երկուսին փրկելու համար, այլապես այս դանակը կդառնա ձեր մղձավանջը»:

 

Ինչպես նշում է գործակալությունը, «Իսլամական պետության» ներկայացուցիչը բրիտանական շեշտադրմամբ է խոսում: Փորձագետների կարծիքով՝ դա նույն անձն է, ով մասնակցել է ամերիկացի և բրիտանացի պատանդների մահապատժին: