ԼՂՀ–ում կանխարգելիչ գործողությունների արդյունքում Ադրբեջանը 3 զոհ է տվել, հայկական կողմից կորուստներ չկան

10:38 • 23.01.15

Մեր տեղեկություններով՝ երեկ հայկական Զինված ուժերը  24-ժամյա կանխարգելիչ գործողություններ են  իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը, ըստ տեղեկությունների, ունի 3 զոհ, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն էր տարածել, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական տեղեկատվության հրապարակումը, այդ թվում՝ սահմանային բախումների ժամանակ արձանագրված զոհերի:


ԼՂՀ ՊՆ–ն ավելի ուշ տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.


«Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:


ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շրտել ելման դիրքեր:


Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:


Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների»: