Մարիուպոլի քաղաքապետը հունվարի 26-27-ը սգո օրեր է հայտարարել

09:24 • 26.01.15

Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքի քաղաքապետ Յուրի Խոտլուբեյը հունվարի 26-ն ու 27-ը սգո օրեր է հայտարարել՝ ի հիշատակ քաղաքի ռմբակոծման հետևանքով զոհերի, տեղեկացնում է Взгляд-ը:

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 25-ը համաուկրաինական սգո օր էր հայտարարել՝ ի հիշատակ զոհերի:

 

«Քաղաքապետ Յուրի Խոտլուբեյի որոշմամբ՝ Մարիուպոլում սգո օրեր են հայտարարվել՝ ի հիշատակ քաղաքի «Արևելյան» միկրոշրջանի ռմբակոծության»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Շաբաթ օրը Մարիուպոլը ռեակտիվ հրետանու ուժգին հարվածի էր ենթարկվել: Զոհվել էր 30, վիրավորվել 92 մարդ: Կիևը հարձակման համար մեղադրել էր անջատողականներին, վերջիններն էլ Մարիուպոլին հարված հասցնելն ուժայինների սադրանք էին որակել:

 

Հունվարի 18-ին ուժայինները Դոնբասում բնակավայր էին հրթիռակոծել, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զանգվածային զոհեր էին գրանցվել: Ի պատասխան դրան՝  անջատողականներն ակտիվ գործողություններ էին սկսել, գրում է աղբյուրը։