ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել Գյումրիի դաժան սպանությունների մասին նախագիծը

15:52 • 26.01.15

ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի՝ «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ» նախագիծը, որը ԱԺ հայտարարության տեքստի նախագիծ է:


Այն ներառված է ԱԺ «օրակարգում դեռևս չներառված» բաժնում:


Այն պետք է ամրագրի, որ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը խախտող անձի փոխանցումը 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական  և Քրեական դատավարության օրենսգրքերի  և «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի  և դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.)  և «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի մասին» (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը:


ԱԺ հայտարարության տեքստի նախագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հարգում են Հայաստանի Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության՝ ռազմական ոլորտում առկա երկկողմ պայմանագրերը:


Վերոնշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմանի հարգանք  և համագործակցություն:


Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ոչ միայն իր դաժանությամբ է ցնցել հայ հանրությանը, այլ նաև այդ եղեռնագործության քրեական վարույթի իրականացումը և մեղադրյալին կալանքի տակ վերցնելը՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, արդարացի և իրավաչափ բողոք է բարձրացրել հասարակության շրջանում»:


Նշվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը, ակնկալում է, հանուն արդարության, օրինականության վերականգնման  և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության, Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին:


Որպես կից ներկայացված հիմնավորում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ղեկավարությունը, շրջանցելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական  և Քրեական դատավարության օրենսգրքերը, Հայաստանի Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության միջ և կնքված պայմանագրերը, «շարունակում է ապօրինի գործունեությունը՝ չփոխանցելով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իշխանություններին»: