Տոնավաճառների աշխատողների բողոքի ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

13:15 • 27.01.15

Այսօր կառավարության դեմ  «Շրջանառության հարկի  մասին օրենքի» փոփոխությունների դեմ բողոքող առևտրականները չցանկացան հանդիպել կառավարության ներկայացուցչին և ի նշան բողոքի՝ մեջքով կանգնեցին կառավարությանը։


«Մենք չենք ուզում հանդիպել իրենց հետ, մենք ասում ենք, որ եթե իրենք մեզ բան ունեն ասելու, նոր նորություն են ուզում, ոնց որ իրենք էին, չեն կարողանում իջնել, հասկանում ենք, կնիկ չենք, որ նեղանանք: … Ո՞ւմ ենք ինչ արել, մեր ռիսկերը հաշվարկել ենք, մեր փողերով գնացել ենք ռիսկերի, գազի փող տանք, ջրի փող տանք, շենքի հարկ տանք, հարկատու մարդիկ ենք, կարծում եմ՝ արհամարհանքին արհամարհանք, ամենաճիշտ տարբերակն է»,-հայտարարեց մայրաքաղաքի տոնավաճառներից մեկում աշխատող տղամարդը:


Հիշեցնենք, որ  ըստ այդ փոփոխությունների՝ շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:


Մեկ այլ տղամարդ հայտարարեց, որ իրականում պետության նպատակը իրենցից հարկեր վերցնելը չէ, պետք է «դուբինկա»:


«Եթե մենք արենդատորին վճարում ենք, մենք ո՞վ ենք եղել, որ պետությանը չվճարենք: Թող դնի մեզ վրա հաստատագրված հարկ, մենք վճարենք»,-հայտարարեց մեկ այլ տղամարդ:


Մարդիկ այնքան վրդովված են, որ ժամանակ առ ժամանակ լսվում են հայհոյանքներ:


«Ախպերս, մեռանք, տառապանք»,-հայտարարեց կազմակերպիչներից մեկը ։


Մեգաֆոնով ելույթ ունեցած տղամարդը բացատրեց մեջքով կանգնելու՝ իրենց քայլի խորհուրդը: Այն է՝ ինչպես կառավարությունն է ժողովրդին կանգնած թիկունքով, այնպես էլ իրենք են կանգնում թիկունքով, ինչպես նաև, որ «կառավարությունն իրենց համար կառավարություն չէ»: Իր ելույթը նա ավարտեց՝ «շնորհավորում եմ ձեզ՝ այստեղ գտնվելու կապակցությամբ» խոսքերով։


Ակցիայի կազմակերպիչներից մեկն էլ ամփոփեց, թե երեկ ինչ է կատարվել իրենց բողոքի ակցիայի արդյունքում:


«Ֆինանսների փոխնախարարը հայտարարեց, որ հետքայլ չի լինելու, մեր հանդեպ արդեն հետքայլեր են արել, չնայած մենք չենք խնդրել, որ մինչև փետրվարի 1 հետաձգվի, և դրա իմաստը էն էր, որ էս ընթացքում երկրում պետք է ապահովվեր 100 տոկոսանոց փաստաթղթաշրջանառություն: Մեզ ժամանակ պետք չէ, մեզ պետք է համոզված լինել ապագայի վրա»,-ասաց նա և նշեց, որ կառավարության խնդիրն է, որ մարդիկ տնտեսագիտություն չգիտեն: 

«Կա-սե-ցում» , «կա-սե-ցում» վանկարկումներից հետո ակցիայի մասնակիցները ՀՀ Նախագահից խնդրեցին ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին ազատել աշխատանքից։

«Եվ մենք կսկսենք նորից ապրել»,-նշեցին նրանք։



Ուղիղ միացումը՝ «Ազատություն» ռադիոկայանի