Հայաստանը և Թուրքիան այսօր կհանդիպեն դատարանում. ՄԻԵԴ-ում մեկնարկում է Փերինչեքի գործով դատավարությունը

08:31 • 28.01.15

Ստրասբուրգում գտնվող Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատում (ՄԻԵԴ) այսօր մեկնարկելու է Դողու Փերինչեքի գործով դատավարությունը: Դատարանը քննելու է Շվեյցարիայի բողոքարկումը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, որի առանցքում լինելու է Հայոց ցեղասպանության հարցը:

 

Դատավարությանը որպես կողմ են ներգրավված նաև Հայաստանն ու Թուրքիան:

 

Դատավարությունը կարևորելով՝ Թուրքիան օրեր առաջ չեղարկել էր Փերինչեքի՝ երկրից դուրս գալու արգելքը և երեկ 200 հոգուց բաղկացած պատվիրակությամբ նա մեկնել էր Ստրասբուրգ:

 

Ստրասբուրգում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության  լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ:

 

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

 

2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը: Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան  «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով:

 

Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Մեր երկիրը ՄԻԵԴ-ում կներկայացնի միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Ալամուդինը, ով հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ ամուսնանալուց հետո վերցրել է նրա ազգանունը։

 

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դատավարության ընթացքում Շվեյցարիան և Դողու Փերինչեքը խոսելու համար 30 րոպե ժամանակ են ունենալու:

 

Թուրքիային և Հայաստանին 15-ական րոպե է տրամադրվելու, որից հետո 10 րոպե է տրամադրվելու հարցուպատասխանին:

 

Փերինչեքը խոսելու է թուրքերեն, 10 րոպե,  և բացատրելու է, թե ինչու է հերքել Հայոց ցեղասպանությունը:

 

Թուրքիայի կառավարության պաշտպանությունն օտարերկրացի փաստաբան է իրականացնելու:

 

Հրապարակվել է նաև, թե մոտավորապես ինչ է ասելու Փերինչեքը՝ պաշտպանության ընթացքում: Նրա հիմնական հակափաստարկը լինելու է Եվրոպայի հիմնական արժեքներից մեկը համարվող խոսքի ազատության իրավունքը:

Հայաստանը և Թուրքիան այսօր կհանդիպեն դատարանում. ՄԻԵԴ-ում մեկնարկում է Փերինչեքի գործով դատավարությունը