Թուրքական ՀԿ–ն աջակցությունն է հայտնել 301 հոդվածով ազատազրկված հայամետ փաստաբանին

11:48 • 28.01.15

Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի գրասենյակը մամուլի ասուլիսի ընթացքում քննադատել է փաստաբան Էրեն Քեսքինին Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով 10 ամսվա ազատազրկման դատապարտելու որոշումը. տեղեկացնում է Hye Tert-ը:
 

Ասուլիսի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչ Ումիթ Էֆեն ասել է. «Ես Էրեն Քեսքինի նման եմ մտածում: Պետությունը մարդասպան է»:


Ասուլիսին մասնակցել են Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպության մասնաճյուղի ղեկավար Աբդուլբաքի Բողան, Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի Ստամբուլի մասնաճյուղի ներկայացուցիչներ Ումիթ Էֆեն և իրավապաշտպան Ահմեթ Դեմիրայը։


«Էրեն Քեսքինի նման եմ մտածում և կրկնում եմ նրա խոսքերը: Պետությունը մարդասպան է: Քանի որ պետությունը սպանում է քուրդ երեխաներին»,-ասել է Ումիթ Էֆեն։


Ահմեթ Դեմիրայն իր հերթին հավելել է, որ Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական սպանություններին ամեն օր նորն է ավելանում:


«Պետական պաշտոնյաների իրականացրած հանցագործությունները, նախ և առաջ սպանությունները, անպատիժ են մնում, և Թուրքիան այդ պատճառով ՄԻԵԴ-ից գրեթե ամեն ամիս նոր դատավճիռ է ստանում: Անպատժելիության մշակույթին ուղղված քննադատությունն էլ  պատժվում է ազատազրկմամբ»,-ասել է նա:


Տեղեկացնենք, որ մի շարք դատավարությունների ընթացքում հայերին պաշտպանած Էրեն Քեսքինը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նրա դեմ գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ Մարդինում 12 տարեկան քուրդ երեխայի սպանության համար մեղադրել էր պետությանը:


Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը Թուրքիայի Հանրապետությանը վիրավորելու համար քրեական պատասխանատվություն է սահմանում: Նախկինում այս հոդվածով գործեր են հարուցված եղել տարբեր հայտնի մտավորականների, այդ թվում՝ 8 տարի առաջ սպանված հայ լրագրող, «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի դեմ: