ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով լսումներին Ամալ Քլունին ներկայացել է Անմոռուկի կրծքանշանով

12:55 • 30.01.15

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում օրեր առաջ կայացել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը, որի առնչությամբ վճիռ կկայացվի առաջիկա ամիսների ընթացքում:

 

Հետարքրական է, որ Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանական խմբի անդամ, միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունին դատական լսմանը ներկայացել է Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող Անմոռուկի կրծքանշանով:

 

Իր ելույթի ժամանակ Ամալ Քլունին անդրադարձել էր Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակին և մարդու իրավունքների խախտումներին: Քլունին նաև անդրադարձել էր պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը` շեշտելով, որ այն թուրք ազգայնականների ձեռքի գործն է: 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել  էր Tert.am-ը, 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

 

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը, ով Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» էր անվանել: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ էր ներկայացրել մասնակցելու դատավարությանը: 

ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով լսումներին Ամալ Քլունին ներկայացել է Անմոռուկի կրծքանշանով