Պերմյակովին կդատեն Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում. Интерфакс

12:54 • 03.02.15

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, ով մեղադրվում է Ավետիսյանների 7- հոգանոց ընտանիքի սպանության համար, կանցկացվի Հայաստանում՝ կայազորի ռազմական դատարանում, որը գտնվում է ռազմաբազայի տարածքում, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։

 

Նման որոշում է կայացվել Հայաստանի տարածքում գտնվող ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա։

 

Մեկ այլ աղբյուր նշում է, որ կողմերը համաձայնեցնում են նաև համատեղ մեղադրական եզրակացությունը՝ ռուսական օրենսդրության հիման վրա։

 

«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստի առթիվ քրեական գործը միաժամանակ քննում է և՛ ռուսական, և՛ հայկական կողմը, որոշվում է ռուսական քրեական օրենսդրության հիման վրա համատեղ միասնական մեղադրական եզրակացության հարցը»,- նշել է աղբյուրը։

 

Աղբյուրը նշել է նաև, որ դատարանը միաժամանակ կուսումնասիրի նաև մեղադրանքները, որոնք ներկայացվել են ռուս զինվորական քննիչների կողմից՝ կապված ռազմաբազան զենքով լքելու հետ։
«Այն ամենը, ինչ կներկայացնեն հայ քննիչները, կփոխանցվի ռուսական կողմին՝ գործի նյութերին կցելու համար»,- նշել է աղբյուրը։

 

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:


Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։


Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: