«Իսլամական պետությունը» հրապարակել է հորդանանցի գերի օդաչուի սպանության տեսագրությունը, նրան ողջ-ողջ այրել են. լուսանկարներ
Daily Mail-ը ահազանգում է, որ «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումը նոր անասելի բարբարոսություն է թույլ տվել:
«Իսլամական պետության» անդամները մահապատժի են ենթարկել հորդանանցի օդաչու Քսասբեին, որը նրանց մոտ գերության մեջ էր անցած տարվա դեկտեմբերից, և որի ազատ արձակման շուրջ պայմաններին համաձայնել էին Հորդանանի իշխանությունները:
Մահապատժի տեսագրությունը տարածվել է «Ապաքինելով հավատացյալների սրտերը» վերնագրով տեսանյութով: Դրանում ցուցադրված է, թե ինչպես են օդաչուին փակում վանդակի մեջ և հրկիզում:
Մաազ ալ-Քասասբեն իսլամիստների գերության մեջ էր հայտնվել անցած տարվա վերջին, երբ Հորդանանը դաշնակից ուժերի կազմում ռմբակոծություն էր ենթարկում իսլամիստների գրաված տարածքները:
Նրան ազատ արձակելու համար Հորդանանը համաձայնել էր ազատություն տալ կին ահաբեկչի, որը տարիներ առաջ տասնյակ մարդկանց մահվան պատճառ էր դարձել:
Ընդհանուր առմամբ՝ անցած տարվա ամառվանից «Իսլամական պետությունը» յոթ արտասահմանցի պատանդի է հրապարակային մահապատժի ենթարկել:

















