Պերմյակովը մտավոր հետամնացություն ունի. Газета

16:51 • 05.02.15

Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը չէր կարող զորակոչվել բանակ, քանի որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով (մտավոր հետամնացություն), գրում է gazeta.ru-ն:

 

Ինչպես հայտնել է gazeta.ru-ի աղբյուրը, գլխավոր զինվորական դատախազությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ինչպես զինկոմիսարիատի աշխատակիցներին, որոնք նրան զորակոչել են բանակ, այնպես էլ Հայաստանում ռուսական 102-րդ զորամասի հրամանատարներին, ովքեր նրան զենք են վստահել:

 

«Նախկինում նրա մոտ օլիգոֆրենիա է ախտորոշվել: Նրան ընդհանրապես իրավունք չունեին զորակոչել»,- հայտնել է gazeta.ru-ի աղբյուրը: Նրա խոսքով՝ հանցագործությունը չափազանց անտրամաբանական է կատարվել` կապված նրա հետ, թե ինչպես է զինվորը վարվել զենքի և այլ իրեղեն ապացույցների հետ:

 

«Առաջին հերթին քննիչներն ընդհանրապես չեն հասկանում՝ ինչու է նա սկսել կրակել: Քանի որ Պերմյակովի խոսքով՝ նրան գումար էր հարկավոր և քաղաքացիական հագուստ: Եվ եթե նա ուղղակի ուղղեր զենքը մարդկանց վրա և պահանջեր այն, ինչ իրեն անհրաժեշտ է, Պերմյակովին ամեն ինչ կտային, միայն թե նա չսպաներ իրենց»,- նշել է gazeta.ru-ի զրուցակիցը՝ հավելելով, որ բացի այդ` սպանությունից հետո նա հանցագործության վայրում է թողել իր հագուստը և կոշիկները, ինչպես նաև իր անունով գրանցված զենքը:

 

Ավելի վաղ LifeNews-ը հայտնել է, որ ռուս քննիչները քրեական գործ են հարուցել Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկու դեմ, ով զորակոչել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ինչպես նաև` զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի դեմ:

 

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: